Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իրեն և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հակառուսական գործիչներ չի համարում:
Այդ մասին Սանասարյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ իր և Արմեն Գրիգորյանի նախկին գործունեության պատճառով իրենց ներկայությունը իշխանական վերնախավում ՌԴ-ի համար անցանկալի է:
«Մենք չենք եղել հակառուսներ, ես ինքս որևէ ազգի հակա չեմ: Իսկ սա ուղղակի ցեխշպրտոցի է, քարոզչական ինչ-որ հնարք են օգտագործում: Դաշտում կան մարդիկ, որոնց ոտքը տրորում ենք, և այսպիսի բաներ են պատվիրում, բայց դե մենք մեր գործով ենք զբաղվում: Եվ հետո, այլ պետության ղեկավարները չեն կարող որոշում կայացնել, թե մեր պետության մեջ ինչ կադրային քաղաքականություն ենք իրականացնում: Սա ուղղակի վիրավորական է, երբ ասում են՝ Կրեմլը գոհ չէ նշանակումներից, գոհ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և վարչապետը»,- ասաց Սանասարյանը: