Սեպտեմբերի 8-ին Վրաստանում լրանում է երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար նախաձեռնող խմբերից ու կուսակցություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումների ներկայացման ժամկետը:
Ներկայում մրցարշավին մասնակցելու ցանկության մասին ԿԸՀ-ին իրազեկել է 39 մարդ, որոնցից քսանն առաջադրվել են նախաձեռնող խմբերի, իսկ 19-ը՝ քաղաքական կուսակցությունների կողմից, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Թեկնածուների աջակցման ստորագրություններն անհրաժեշտ է ԿԸՀ-ին հանձնել ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ: Ընդամենը պետք է հավաքվի առնվազն 23 հազար 923 ստորագրություն (ընտրողների ընդհանուր թվի 0,75 տոկոսը):
Դրանց ստուգումից հետո ԿԸՀ-ն քվեարկության օրվանից առնվազն 30 օր առաջ նախագահի թեկնածուներ է գրանցում այն անձանց, որոնց փաստաթղթերն ու աջակցության ստորագրությունները համապատասխանում են օրենքի պահանջներին: Առայժմ միայն 4 թեկնածուներ են գրանցում անցել: Նրանց թվում են՝ Շալվա Նաթելաշվիլին (Վրաստանի լեյբորիստական կուսակցություն) և Դավիթ Բաքրաձեն («Եվրոպական Վրաստան-Շարժում հանուն ազատության»):