The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մաքքարթնին թողարկել է թվով 17-րդ անհատական ալբոմը՝ Egypt Station-ը («Եգիպտական կայարանը»): Ալբոմը պաշտոնապես ներկայացվել է սեպտեմբերի 7-ին:
Երաժշտի խոսքով՝ սկավառակը մտահղացված է այնպես, որ, ասես, ունկնդրին երաժշտական ճամփորդության է տանում մի կայարանից մյուսը:
«Ալբոմն սկսվում է առաջին կայարանով, առաջին երգով, և հետո յուրաքանչյուր հաճորդ երգը գալիս է որպես նոր կայարան,-ավելի վաղ հայտարարել է Մաքքարթնին:- Մենք փորձեցինք բոլոր երգերը շաղկապել այդ գաղափարին: Ես այն ընկալում եմ որպես նվիրական մի վայր, որտեղից երաժշտություն է հնչում»:
Սա Մաքքարթնիի առաջին ստուդիական սկավառակն է 2013 թվականից ի վեր, երբ նա ներկայացրեց լայն տարածում գտած իր New ալբոմը: Նոր ալբոմի պատրաստման մասին լուրերը հայտնվել էին հունիսի սկզբին, երբ երաժիշտը Instagram-ում հրապարակեց ստուդիայի միկրոֆոնների լուսանկարները և իրեն՝ դաշնամուրի առջև: