«Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, և ամբողջությամբ պետական բյուջե է վճարել 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների հիման վրա ընկերությունում իրականացվող հարկային համալիր ստուգման ընթացքում «Գյումրի Գարեջուր»-ը հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե: