«Լույս» դաշինքից քաղաքապետի թեկնածու, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատմեց մայրաքաղաքի խնդիրների, Երևանի մասին սիրված երգի և «Էսկիմո» պաղպաղակը կարոտելու մասին։
Սեպտեմբերի 10-ին սկսվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. ձևավորված ավագանին կընտրի Երևանի քաղաքապետ։ Ընտրություններին կմասնակցեն 12 քաղաքական ուժեր` 4 դաշինք և 8 կուսակցություն։
Sputnik Արմենիան ներկայացնում է բացառիկ հարցազրույց Երևանի քաղաքապետի թեկնածուի հետ։ Հարցերին պատասխանեց «Լույս» դաշինքի թեկնածու, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
– Ինչո՞վ է տարբերվում Երևանը աշխարհի մյուս մայրաքաղաքներից։
– Երևանն իմ քաղաքն է։ Նա ջերմ է, հոգի ունի։ Նա կենդանի արարած է, և դա հիանալի է։
– Ո՞րն է Ձեր սիրելի փողոցը Երևանում։
– Տերյան փողոցը։ Չգիտեմ ինչու, բայց սիրում եմ այդ փողոցը։ Հենց այդ փողոցի նկատմամբ եմ ինչ–որ ջերմություն զգացել։
– Ձեր կարծիքով` ինչի՞ պակաս ունի քաղաքը։
– Մեր մայրաքաղաքին պակասում է հարմարավետությունը, արագությունը, ազատությունը, մաքրությունը և ճարտարապետական գրավչությունը։ Անհրաժեշտ է որոշել թափառող կենդանիների խնդիրը, բայց պետք է դրսևորվի հումանիստական մոտեցում։
– Ինչո՞վ կարելի է զբաղվել միայն Երևանում։
– Միայն Երևանում կարելի է երևանցի լինել։
– Ձեր նշանաբանը…
– Լույսի քաղաք Երևան։ Իմ Երևան
– Մայրաքաղաքի մասին ո՞ր երգն եք սիրում ամենից շատ։
– Ինձ հոգեհարազատ է Պարույր Սևակի բանաստեղծության հիման վրա գրված «Էրեբունի Երևան» երգը։
– Երևանի ո՞ր խնդիրն եք համարում առավել մեծ։
– Ամենամեծ խնդիրն այն է, որ բացակայում է միասնական համայնք լինելու ընկալումը։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ հենց նրանք են իրականացնում համայնքի կառավարումը, նրանք են լուծում իրենց խնդիրները, ներդրված միջոցները նրանց փողերն են։ Դա կարևոր է արդար կառավարման համար։
– Ո՞ր շենքը կարող է համարվել մայրաքաղաքի այցեքարտը։
– Դժվար է առանձնացնել մեկ շենք։ Ինձ շատ դուր է գալիս Հանրապետության հրապարակի ճարտարապետությունը։
– Քաղաքային իշխանությունների ո՞ր սխալը կարելի է առավել լուրջ համարել։
– Հանրային ծառայությունը, անկախ նրանից, թե ինչպես է կոչվում պաշտոնը, ընդամենը ծառայություն է, և յուրաքանչյուրը պետք է դա հասկանա։ Գլխավորելով ցուցակը` ես պարտավորություն եմ ստանձնել ծառայելու ժողովրդին։ Բոլորը պետք է դա գիտակցեն։ Բայց ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին։ Ինձ համար դժվար է մեղադրել մարդկանց, դրա համար պետք են ծանրակշիռ փաստարկներ։
– Ինչպե՞ս վերադարձնել քաղաքի կոլորիտը, որը երևանցիների կարծիքով կորսված է։
– Դրա համար ժամանակ ու կայունություն է պետք։ Կձևավորվի կամ արդեն ձևավորվում է նոր կոլորիտ, իսկ հինը կմնա անցյալում։ Այն անհնար է վերադարձնել, և դա լավ է, քանի որ այդ ժամանակները մեզ համար անկրկնելի և յուրահատուկ կմնան։ Հին Երևանում ես կարոտում եմ «Էսկիմո» պաղպաղակը և պաղպաղակ վաճառողների կանչերը։