Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բացվել է 2-կիլոմետրանոց թունելը
Advertisement 1000 x 90

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բացվել է 2-կիլոմետրանոց թունելը

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 132-135 կիլոմետրում ավարտվել է 2-կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ մասին ասված է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նոր թունելի երթևեկելի մասի լայնությունը կազմում է 8,5 մետր:

Դեպարտամենտում նշում են, որ վերջին տարիների ընթացքում Դարյալի կիրճում հաճախ Էր մոլեգնում տարերքը: 2014 թվականին կիրճում սողանք էր իջել, ինչի հետևանքով Թերեք գետը դուրս էր եկել ափերից՝ կանգնեցնելով երթևեկությունը վրաց-ռուսական սահմանին:

Գոյություն ուներ տարերային աղետի կրկնվելու վտանգը, ինչը կարող էր խոչընդոտել երթևեկությանը ճանապարհի այդ հատվածում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկության դադարեցումը օրական 1 մլն լարիի վնաս էր պատճառում:

Գերատեսչությունում վստահեցնում են, որ նոր թունելի կառուցումից հետո այդ խնդիրը կլուծվի, և Դարյալի կիրճում երթևեկությունն այսուհետև լիովին անվտանգ կլինի: Դեպարտամենտում ընդգծում են, որ այդ նախագծի իրագործումն անհրաժեշտ էր Վրաստանի տարանցիկ ներուժը պահպանելու համար: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2017 թվականի մայիսին, նախագծի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 51,9 մլն լարի (ավելի քան 20,8 մլն դոլար):



Նման նյութեր