Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Ինչո՞ւ և ինչպե՞ս քանդվեցին Հին Երևանի շենքերը և տեղում կառուցվեցին միանման բարձրահարկեր՝ Փոքր Կենտրոնը վերածելով բառացիորեն քարե ջունգլիների: Սրանք հարցեր են, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանների:
Որպես հերթական օրինակ ներկայացնենք ահա այս շենքը՝ Հովհաննես Թադևոսյանի եկամտաբեր տունը, որը կառուցվել էր 1892 թվականին: Այս եռահարկ և երկհարկանի յուրօրինակ պատշգամբներով շինությունը գտնվում էր Արամի 52 հասցեում՝ Արամի և Կողբացու փողոցների խաչմերուկի անկյունում: Պատկանել է երևանցի առևտրական Հովհաննես Թադևոսյանին, հետագայում նրա որդուն՝ Ֆադեյ Թադևոսյանին:
Հայտնի է, որ 1890-ականների երկրորդ կեսից շենքը վարձակալվել է Նոր Բայազետի հետևակային գնդի կողմից, ծառայել է որպես գրասենյակ և այստեղ որոշ ժամանակ գործել է ակումբ, ինչպես նաև տեղակայված է եղել «Զ. Գևորգյան» տպարանը: Շենքը քանդվել է 2000-ականների սկզբին և այժմ տեղում բարձրահարկ շենք է կառուցված:
Արխիվային լուսանկարը «Հին Երևան թաղամաս» ֆեյսբուքյան էջից: