Սեպտեմբերի 9-ից մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը և մի քանի օրից՝ սեպտեմբերի 23-ին, կորոշվի, թե ով է լինելու մայրաքաղաքի նոր քաղաքապետը: Ինչպես հայտնի է՝ թեկնածուների շարքում է նաև դերասան, հումորիստ Հայկ Մարությանը, ով ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը: Հայկ Մարությանի թեկնածությունը շատերն են քննադատում, ոմանք կարծում են, թե նա չի կարող ստանձնել այդ պաշտոնը, քանի որ չունի համապատասխան գիտելիքներ, շատերն ընդգծում են, որ դերասանը և ցանկացած մասնագետ իր գործով պետք է զբաղվի, մյուսներն ավելացնում, որ ամենատարբեր դերերով սիրված դերասանին մարդիկ ուզում են տեսնել նոր դերերում և քաղաքապետի պաշտոնին նա վստահություն չի ներշնչի, սակայն շատերն էլ հակադրվում են այս կարծիքներին՝ նշելով, որ Հայկ Մարությանն արդեն երկար տարիներ է, ինչ բացի իր գործից զբաղվում է սոցիալական տարբեր խնդիրներ լուծելով և առհասարակ նշանակություն չունի իր դերասան լինելու փաստը:
Life.panorama.am-ը այս թեմայի և Հայկ Մարությանի հասցեին հնչող տարատեսակ մեկնաբանությունների շուրջ խոսել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի հետ:
«Երբեք պետք չէ մոռանալ, որ դերասանի մասնագիտությունը ունիվերսալ մասնագիտություն է, դերասանը պետք է կարողանա ամեն ինչ անել պրոֆեսիոնալ կերպով ու բարձր մակարդակով: Աշխարհի շատ օրինակներ ապացուցում են, որ այո, դերասանը կարող է լինել և նախագահ, և քաղաքապետ, և այլ լուրջ պաշտոններ զբաղեցնել: Այս պարագայում քաղաքապետի պաշտոնը Հայկի համար ևս մեկ կերպար է, որը նա պետք է պատվով կատարի՝ ընտրվելու դեպքում: Հայկ Մարությանի՝ քաղաքապետի թեկնածության հարցում միակ ցավալի կողմն այն է, որ մենք անժամանակ չենք ունենա նրա նման մասնագետ արվեստի ոլորտում: Ես իսկապես ափսոսում եմ, որ նա պետք է լքի կինոարվեստն ու գնա քաղաքականություն: Ես սատարում եմ Հայկ Մարությանի թեկնածությունը, կարծում եմ՝ եթե նա դառնա քաղաքապետ, մեր Երևանը հուսալի ձեռքերում կլինի»,- նշեց նա:
Արտաշես Ալեքսանյանը անդրադարձավ նաև Հայկ Մարությանին քննադատողներին:
«Տգիտություն է ասելը, թե Հայկ Մարությանը, ով կանանց է մարմնավորել, չի կարողանա ստանձնել քաղաքապետի պաշտոնը: Եվ եթե դա է առաջ քաշվում, ապա կասեմ, որ այդ հանգամանքը, ըստ որի Հայկը կանանց ու տղամարդկանց դերեր է խաղացել, անգամ շահավետ է, քանի որ նա այդ դեպքում գիտի և կանանց, և տղամարդկանց հոգեբանությունը: Գիտեք, զարմանալի է անգամ, որ Հայկին հիմա քննադատում են իր կատարած աշխատանքի համար, բա դերասան է եղել, պետք է տարբեր դերեր խաղար: Ես դեմ չեմ լինի, եթե Հայկ Մարությանից բացի այլ թեկնածու ընտրվի, բայց Հայկին քննադատել միայն նրա համար, որ դերասանն իր գործն է արել, սխալ է: Պետք է թողնել մարդկանց աշխատել, չէ որ ցանկացած թեկնածուի ընտրվելուց 100 օր հետո նա հաշվետվություն պետք է ներկայացնի, ու եթե դրանք քաղաքացիների սրտով չեղան, ապա չեմ կարծում, որ ընտրված թեկնածուն երեսի զոռով կշարունակի մնալ այդ պաշտոնին»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ըստ ՀՀ վաստակավոր արտիստի՝ ընտրված քաղաքապետը առաջինը, ո՞ր խնդիրներին պետք է լուծում տա, պատասխանեց.
«Բոլորի ցանկություններն իրականացնելն անհնար է, դա ոչ մեկ չի կարող անել: Հազար մարդ, հազար բնավորություն, հազար գիտակցություն ու հազար ցանկություններ, պետք չէ կենտրոնանալ դրանց վրա ու եթե ընտրված քաղաքապետը մեկ շաբաթում չլուծի բոլորի խնդիրները, քննադատել նրան: Անշուշտ, կան առաջնային խնդիրներ, որոնք պետք է իրականացվեն և դրանց լուծումը համընդհանուր շահերից է բխում: Մենք ունենք քաղաքի բարեկարգման, տրանսպորտի, մաքրության և այլ առաջնային խնդիրներ, բայց որպես երևանցի՝ ինձ համար առաջնային լուծման խնդիր է քաղաքացիների սոցիալական բարօրությունը բոլոր իմաստներով: Քաղաքապետից և իր թիմից մեծ բան է կախված, կարևոր հանգամանք է, որ մեր երկրի բոլոր օղակները թիմային աշխատանք ցույց տան, որովհետև միայն այդ դեպքում կարող են հաջողություններ գրանցել»: