Օլեգ Պերևերզևը դուդուկով ոչ միայն ծանոթ մեղեդիներ է նվագում, այլ նաև ջազային երաժշտություն։ Նրա ու դուդուկի «սիրո պատմությունը» սկսվեց 2 տարի առաջ։
Ռուս բլոգեր, ԱՌՏ Մաստեր ստուդիայի ղեկավար, տեսանյութերի հեղինակ Օլեգ Պերևերզևը 2 տարի առաջ իր համար բացահայտեց հայկական նվագարանները, սակայն ինչպես խոստովանում է՝ սիրահարվեց ծիրանափողին: Սկզբում փորձեց սեփական ուժերով բացահայտել դուդուկի կախարդական մեղեդին, բայց նվագարանի հմայքն այնքան մեծ էր, որ դրա հետքերով եկավ Հայաստան:
Մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է գալիս Հայաստան, դուդուկի վարպետների մոտ վարպետության դասերի մասնակցում. Ջիվան Գասպարյան, Գուրգեն Դաբաղյան, Գալուստ Գալստյան, Կարեն Միքայելյան և այլք դարձել են բլոգերի ուսուցիչը: Այս անգամ էլ Օլեգը Գաթա բենդի և Հորիզոն ստուդիայի հետ հանդիպում ունեցավ: Խոստովանում է՝ եթե նրանք չլինեին, այսքան վարժ այս գործիքին չէր տիրապետի: Հայաստանում նա ոչ միայն բացահայտում է ազգային նվագարաններն, այլ նաև ուսումնասիրում հայկական արվեստն ու մշակույթը: Դուդուկի նոր վարպետը հասցրել է նույնիսկ Երևանի Հյուսիսային պողոտայում ու Վերնիսաժում նվագել գնացող–եկող հանդիսատեսի համար։ Իսկ դուդուկով նվագում է, ոչ ավել ոչ պակաս, ինչպես դուդուկի արդեն ծանոթ հայկական մեղեդիները, այնպես էլ ռուսական մեղեդիներ, նույնիսկ անհավանական թվացող ջազ:
«Երազանքս արդեն երկրորդ անգամ է կատարվում՝ դուդուկի վարպետների հայրենիքում եմ: Ռուսաստանում շատերը հրաժարվեցին ինձ համար բացահայտել այս գործիքի գաղտնիքը, բայց այստեղ ում դիմել եմ մեծ պատրաստակամությամբ օգնել են»,- նշում է Օլեգը` ավելացնելով «Երևանում շատերը մոտենում փորձում են ինձ ներկայացնել ու պատմել այս գործիքի մասին, բայց երբ ես ինքս եմ սկսում խոսել, հետո նաև նվագել, զարմանում են, ասում եմ՝ մի զարմացեք, ուսուցիչներս լավն են, դրա համար էլ այսքան բան գիտեմ դուդուկի մասին»:
Այն պնդմանը, թե դուդուկն ընդհանարապես հայ ազգի դարդն ու ցավն է ներկայացում, Պերևերզևը չհամաձայնեց. «Դա պարզապես միշտ այդպես է ներկայացվել, բայց այս գործիքը հրաշք գործիք է և շատ գեղեցիկ կարող է նաև ջազային ստեղծագործություններ նվագել: Ես նույնիսկ կարող եմ ռուսական Կատյուշան ու Կալինկան նվագել: Նվագել կարելի է ամեն ինչ»,- ասում ու Sputnik Արմենիայի համար նվագում Դլե Յամանը, Կալինկան ու Summer time-ը:
52-ամյա Օլեգը ՌԴ Վլադիմիր քաղաքից է, աշխատում է Մոսկվայում։ Երաժշտական կրթություն չունենալով` նվագում է ինչպես լարային, այնպես էլ փողային տարբեր գործիքների վրա։ Անկեղծանում է՝ բավական ակտիվ է սոցիալական բոլոր ցանցերում, սիրում է ճանապարհորդել, ապա ներկայացնել այն երկրների մշակույթը, որտեղ եղել է։ Հայաստան հաճույքով երրորդ անգամ էլ կգա, բայց «վախենում» է կինը ճիշտ չհասկանա իր պարբերական այցերը, դրա համար արդեն մտածում է հաջորդ անգամ արևի երկիր կնոջ ու երեխայի հետ գալու մասին: