Time հանդեսը Իտալիայի փոխվարչապետ Սալվինիին հռչակել է «Եվրոպայի նոր դեմքը»
Advertisement 1000 x 90

Time հանդեսը Իտալիայի փոխվարչապետ Սալվինիին հռչակել է «Եվրոպայի նոր դեմքը»

Time հանդեսը Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին հռչակել է «Եվրոպայի նոր դեմքը»: Այս արտահայտությամբ է ստորագրված քաղաքական գործչի դիմանկարը հանդեսի եվրոպական հրատարակության շապիկին, որը լույս կտեսնի սեպտեմբերի 24-ին: Ինչպես սեպտեմբերի 14-ին հայտնել է RAI News 24 ալիքի լրատվական պորտալը, ենթավերնագրում Սալվինին ներկայացված է որպես «միգրացիայի իտալական արքա, որը կոչված է պառակտելու ԵՄ-ն»:

Սալվինիին նվիրված ընդարձակ նյութում հանդեսի խմբագրությունը փորձում է պարզաբանել, թե ինչու է Իտալիայի փոխվարչապետը հանդիսանում այն «մարդը, որից ամենից շատ են վախենում Եվրոպայում»:

Time-ին տված հարցազրույցում «Լիգա» կուսակցության առաջնորդը պատմում է «Եվրոպան փոխելու և եվրոպական ոգին վերադարձնելու» իր նպատակի մասին, որին «դավաճանել են նրանք, ովքեր մինչ այժմ իշխում են Եվրամիությունում»: «Պատմությունը ցիկլային է, ներկայիս դիմակայությունը ոչ թե աջ ու ձախ քաղաքական ուժերի միջև է, այլ կառավարող էլիտայի և ժողովրդի միջև»,- ասել է Սալվինին: