Որքան ածխաթթվային գազ կա ձեր թոքերում. Երևանում անկացվում է «Թող 10» հակածխախոտային ակցիան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան ածխաթթվային գազ կա ձեր թոքերում. Երևանում անկացվում է «Թող 10» հակածխախոտային ակցիան

Ծխողներից շատերն են լսել, որ իրենց ծխախոտը վնասում է ոչ միայն իրենց, այլև շրջապատող մարդկանց: Սակայն նրանցից քչերն են հասկանում, թե ամեն ինչ որքան ավելի լուրջ է: Ցույց տալու համար, թե ածխածնի մոնօքսիդի (հայտնի է նաև որպես ածխաթթվային կամ շմոլ գազ) ինչ քանակություն է կուտակվում ակտիվ և պասիվ ծխողների թոքերում, Առողջապահության ազգային ինստիտուտը Հայաստանում Ամերիկյան համալսարանի և Հայ կամավորների միության (AVC) կամավորների հետ սեպտեմբերի 13-ին և 14-ին Երևանի Հյուսիսային պողոտայում հետաքրքիր ակցիա է կազմակերպել:

«Թող 10» ակցիայի շրջանակում ցանկության դեպքում կարելի է հատուկ սարքով ստուգել, թե տվյալ պահին ձեր թոքերում որքան ածխաթթու գազ կա: Թեստը շատ պարզ է՝ անհրաժեշտ է 15 վայրկյան շունչը պահել, որից հետո փչել սարքին միացված խողովակի մեջ: Թոքերում СО-ի «նորման» մինչև 6 մկգ է, սակայն բոլոր ծխողների մոտ արդյունքը նորմայից բազմապատիկ գերազանցում էր: Թեստն անցկացնելուց մի քանի րոպե առաջ ծխախոտ ծխած երիտասարդը զարմանքով տեսավ 35 թիվը:

Զարմանալու շատ առիթներ ունեցան նաև չծխողները, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, այսպես ասած՝ պասիվ ծխողները. նրանց թոքերում ածխածնի մոնօքսիդը նույնպես նորմայից բարձր էր՝ նվազագույնը 2 անգամ: Իսկ այս նյութը, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում թթվածինը տեղափոխելու հեմոգլոբինի հնարավորության վրա, ուստի օրգանիզմում դրա ավելցուկը կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Առողջապահության ազգային ինստիտուտից Արևիկ Թորոսյանը պատմեց, որ այդ ակցիան մեծ հակածխախոտային արշավի մաս է կազմում, որի նպատակն է մարդկանց հասցնել տեղեկությունն այն մասին, որ ծխելն ազդում է նրանց ու նրանց հարազատների առողջության վրա, հատկապես երեխաների, որոնք ամենից շատ են տուժում ծխախոտի ծխի ազդեցությունից։

Եվս մեկ կարևոր միտք, որ նրանք փորձում են հասցնել մարդկանց՝ ծխելուց հրաժարվելն ամենևին էլ անհնար չէ, ինչպես կարող է ոմանց թվալ. ցանկության դեպքում դա կարելի է անել ընդամենը 10 օրվա ընթացքում։

Արշավը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 29-ը։ Դրա շրջանակներում մասնագետներն ու կամավորները տարատեսակ հետաքրքիր ու ճանաչողական ակցիաներ կանցկացնեն, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կտարածեն գրագետ տեղեկություն ծխելու և այն մասին, թե ինչպես կարելի է հրաժարվել ծխելուց։

Արևիկ Թոորոսյանը նշեց, որ սեպտեմբերի 15-ին արշավի շրջանակներում նախատեսվում է Երևանի մի քանի փողոցներում մաքրություն իրականցնել՝ փողոցներից հավաքելով ծխախոտի մնացորդները։ Ծխելը վնաս է հասցնում ծխողի ու նրան շրջապատող մարդկանց առողջությանը, իսկ ծխախոտի մնացորդները հարված են հասցնում շրջակա միջավայրին. ծխախոտի մնացորդը, անցնելով հողի մեջ, այնտեղ է մնում ևս 10 տարի։

Շատ կամավորներ, որոնք օգնում են ծխելու վնասակարության մասին երևանցիներին իրազեկելու հարցում, երևանցիներ չեն։ Անաիս Դելատրեն, օրինակ, եկել է Ֆրանսիայից, իսկ Դևիդ Դուելը՝ ԱՄՆ–ից։ Անաիսը մասնակցել է նմանատիպ արշավներին նաև հայրենիքում և կարծում է, որ ծխելու վնասակարության մասին մարդկանց իրազեկելը չափազաց կարևոր է։ Դևիդն էլ ինչ-որ ժամանակ ծխել է, սակայն կարողացել է թողնել ծխելը և արդեն շուրջ 30 տարի չի ծխում։ Այժմ նա հույս ունի օգնել նաև մյուսներին հրաժարվել դրանից և պահպանել առողջությունը։

med.news.am