ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, որը ցանկություն է հայտնել հանդես գալու ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում:
Նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ բնակվի, պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության վարկանիշի և ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը: «Կարծում եմ՝ այն բանի գիտակցումը, որ հաղթանակից հետո ծածանվելու է հայոց եռագույնը, կոգևորի Ձեզ՝ հասնելու ավելի մեծ մարզական հաջողությունների»,- ասել է Լ. Վահրադյանը:
Արագավազորդ Ալեքսան Դոնիկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնը՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
Հանդիպմանը ներկա Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյաննընդգծել է, որ Ա. Դոնիկյանը հեռանկարային մարզիկ է և շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում Դոնիկյանին աջակցելու համար: