Ռուբեն Շուխյան. «Գոնե հիմա եկեք սպանենք մեր մեջի ստրուկին»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Շուխյան. «Գոնե հիմա եկեք սպանենք մեր մեջի ստրուկին»

Քաղաքական այս բուռն զարգացումների թոհուբոհում չմառանանք նաև, որ շուտով Երևանի ավագանու ընտրություններն են, իսկ մենք էլ, շարքային երևանցիներս, բավականին հարցադրումներ ունենք՝ ուղղված մեր ապագա ավագանուն:

Օրինակ, մի կարևոր խնդրի մասին եմ ցանկանում նրանց հիշեցնել՝ դա դեռևս անցյալ տարի «Ելք» դաշինքի կողմից նախաձեռնած փողոցների այսպես կոչված ապաբոլշևիկացման գործընթացն էր, որը կանգնեցվեց «վերևների» հրահանգով՝ Ռուսաստանից բացասական արձագանքների արդյունքում:

Այո, նախկին իշխանավորների օրոք՝ այդ վաղուց արդեն հասունացած գաղափարը չհաջողվեց իրականացնել, բայց դա չի նշանակում, որ այդ ամենն այդպես էլ մոռացվելու է: Հարգելի ապագա ավագանու անդամներ, ամոթ է, եկեք վերջապես մաքրենք այդ խարանը մեր մայրաքաղաքի փողոցների վրայից՝ Կասյանի, Միկոյանի, Ամիրյանի, Ֆրունզեի, Բուդյոննու և այլ նմանատիպի անձանց անունները, որոնք մեզ համար ոչ մի արժեք չեն կարող երբևիցե ներկայացնել: Եկեք չթողնենք իր մեջ բացասական հիշողություն կրող այդ անվանումները մեր ապագա սերունդներին որպես բեռ:

Վրաստանում դա վաղուց է արված, անգամ հատուկ հրամանագիր է դրա վերաբերյալ ընդունված, և ամեն ինչ արդեն ապաբոլշևիկացված է՝ և բնակավայրերի, և փողոցների, և դպրոցների անվանումները: Հիշո՞ւմ եք, ինչպես Լենինգրադյան փողոցը չհաջողվեց անվանակոչել Մոնթեի անվամբ և ինչ անհեթեթ փաստարկներ էին բերվում այդ ամենը հիմնավորելու համար: Դե ուրեմն՝ գոնե հիմա եկեք սպանենք մեր մեջի ստրուկին՝ դրանից հետո, հավատացեք, օտարները մեզ շատ ավելի կհարգեն ու հաստատ արդեն հաշվի կնստեն մեր հետ:



Նման նյութեր