Լարված վիճակը լարված վիճակը չտեսնելու խլուրդության մեջ է, տեսնել չուզենալու ջայլամության մեջ
Advertisement 1000 x 90

Լարված վիճակը լարված վիճակը չտեսնելու խլուրդության մեջ է, տեսնել չուզենալու ջայլամության մեջ

Եվ ուրեմն որտեղ ա լարված վիճակը.

– լարված վիճակը շուկաներում ա ու սառնարաններում, որտեղ քառապատիկ-հնգապատիկ թանկ սննդամթերքը ավելի ու ավելի հազվադեպ ա մտում, քան իշխանությունները՝ լայվ, լարված իրավիճակը գրպաններում ա, որտեղ դրած գումարի կյանքի միջին տևողությունն ավելի կարճ ա, քան իշխանության մաչոյական ելույթները կոռուպցիայի մասին, խաղ չլինելու ու թպրտալու մասին…

– լարված վիճակը հանրապետության ճանապարհներին ա, որտեղ սև ոչխարների վայրենի երթևեկությանն ավելացել ա սպիտակ ոչխարների ամենաթող երթևեկությունը…

– լարված վիճակը հասարակությունը սևերի ու սպիտակների, երկիրը մերոնց ու ձերոնց բաժանողների հիվանդ ուղեղներում ա, անձնական վրեժի ծարավների շուրթերին ու ասֆալտին աջ ու ձախ փռողների աչքերում…

– լարված վիճակը պոպուլիստական բառադի որոշումներում ա, անբարեխիղճ քաղաքացիների պարտքերը բարեխիղճ հարկատուների հաշվին «ներելու» մեջ, պետական բյուջեն սեփական քմահաճույքով մսխելու մեջ, նորանշանակ պաշտոնյաների գերակշիռ մեծամասնության ոչ կոմպետենտության, ինքնավստահ անգրագիտության ու բացառիկ բառադիության մեջ…

– լարված վիճակը հետագա թանկացումներին ու ձմռանը սպասող մարդկանց անհանգիստ մտքում ա, լարված վիճակը 80,000 դրամ աշխատավարձ ստացողների դրամապանակներում ա, լարված վիճակը հանրային ծառայողի՝ ուսուցչի, բժշկի, դատարանի աշխատողի, ոստիկանի, նախարարության բաժնի պետի ցածր եկամուտներում ա ու հարկատուների շպրտած էրկու կոպեկ սոցաջակցության ասեղին նստած աղքատների ակնկալիքներում, լարված վիճակը հրես զվարճալիքից հոգնած նորից հաց գոռալու, բողոքելու ու ցանկացած իշխանության երեսին թքելու պատրաստ մարդականց դոշակների տակ ա…

– լարված վիճակը խոշոր, միջին ու մանր գործարարների վճարելիք հարկերում ա, որ չեն հասկանում, թե սրա վերջն ինչ ա լինելու, լարված վիճակը անկայուն երկրում տնտեսության մեջ չկատարվող ներդրումներում ա ու էդ չկատարվող ներդրումները պաշտպանելու ունակություն չունեցող մարմիններում…

– լարված վիճակը իշխանության ամեն էշության օգտին կոճակ սեղմող խորհրդարանում ա, ու էդ խորհրդարանի հետ չերկխոսող իշխանության պնդաճակատության մեջ, լարված վիճակը ընդդիմության բացակայության մեջ ա, լարված վիճակը կառավարման ինստիտուտների հավասարակշռության չգոյության մեջ ա, իշխանությանը զսպելու ու հակակշռելու մեխանիզմների բացակայության մեջ…

– լարված վիճակը սահմանամերձ գյուղերում ա, որտեղ բնակիչների վրա ամեն օր կրակում են ու ժամանակ առ ժամանակ՝ վիրավորում, որտեղ ճանապարհները պահում են կրակի տակ. Բաղանիսից՝ Արենի…

– լարված վիճակը Հայաստանի միջազգային դրության մեջ ա, պետական արժույթը եվրասիական միասնական արժույթով փոխարինելու հայտարարությունների մեջ, երկիրն աչքիդ առաջ հետևողականորեն ռուսական գուբերնիայի վերածելու ջղաձգումների մեջ, լրատվամիջոցներ ազատությունն ու անկախությունը ոտնահարող աննախադեպ ռեյդերի մեջ, արդարադատությանը կոպտորեն միջամտելու գործողությունների մեջ ա ու ծախու փաստաբանների լպստած սանրվածքներին, լարված վիճակը Վրաստանում ա, որ հրես ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումն արգելելու ա ու դրա հետևանքներում, լարված վիճակը Հայաստանի Հանրապետության դեմ 2 միլիարդի հայցով Լոնդոնի դատարան մտնելու պատրաստ Լիդիանում ա ու իմացյալ թե ոչ իմացյալ մի հանքարդյունաբերողի ֆինանսավորմամբ մյուսի դեմ պայքարող ակտիվիստների գործողություններում…

– լարված վիճակը լարված վիճակը չտեսնելու խլուրդության մեջ ա տեսնել չուզենալու ջայլամության մեջ…

Վահան Ասատրյան

© լարված ցիրկ



Նման նյութեր