Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութայի հուշարձան հանդիսացող շենքերից մեկը, որտեղ 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, փլուզման եզրին է: Երգչախմբի անդամները և նրանց սատարողները քայլեր են ձեռնարկում շենքը փրկելու համար: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
Շենքի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվել՝ այդտեղ «Հին Երևան» նախագիծն իրականացնելու նպատակով: Շինարարների ոչ ճիշտ և անհետևողական աշխատանքի պատճառով վնասներ են հասցվել 19-րդ դարում կառուցված շենքին, որտեղ երկար տարիներ իրականացվել են երգչախմբի փորձերը և համերգները:
«Ըստ նախագծի` այս տարածքում պետք է կառուցվեին շենքեր, որոնք կհիշեցնեին հին Երևանը: Այն շենքերը, որոնք կանգուն էին, պետք է պահպանվեին: Խորհրդային միության տարիներին քանդված շենքերն էլ պետք է վերակառուցվեին: Նախագիծը բնավ համոզիչ չէր, քանի որ մեկ տարի առաջ այդ տարածքում քանդված շենքերի քարերն անհետացել են: Հարցն այն է, որ գործը չի հասել կառուցապատման և շենքի այլ ձև ստանալուն: Մայիս ամսից մեր շենքի հարակից տարածքում սկսվել են փորելու աշխատանքներ «Հին Երևան» ՓԲԸ-ի կողմից»,- նշեց Հեքեքյանը:
Նա շեշտեց, որ իրավիճակը դիտարկելու են եկել անկախ փորձագետներ, անձինք ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՀՀ մշակույթի նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունից և փաստել են, որ նորմատիվների խախտումով կառուցվող տարածք է:
«Ոչ ճիշտ փորելու հետևանքով տարածքի շենքերը պահող հողային և տուֆային ապարները սկսել են շարժվել: Արդյունքում՝ երկու անգամ փլուզում է տեղի ունեցել. բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Չնայած փլուզմանը` շինարարական աշխատանքները շարունակվել են: Մինչև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մեզ չհանեց շենքից, իսկ նրանց չարգելեց շինարարությունը, նրանք շարունակում էին աշխատել»,- ընդգծեց երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:
Հեքեքյանը շեշտեց, որ դիմել են տարբեր կառույցների, որոնք խոստացել են զբաղվել այդ հարցով: Նրա խոսքով` հիվանդ մարդուն կարելի է դանդաղ բուժել, իսկ մահամերձի դեպքում պետք է շտապել: Շենքն այժմ մահամերձ վիճակում է:
Երկար տարիներ այդ շենքում բժիշկ է բնակվել: 1980-ականներին Կոնդի արվեստանոցն է եղել այդտեղ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն տարբեր սեփականատերեր է ունեցել: Երգչախմբին շենքը հատկացվել է 1995 թվականին, բայց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը շենքում գործունեություն են սկսել ծավալել 2002-ից:
Շենքի հարակից տարածքը գնել է «Հին Երևան» փակ բաժնետիրական ընկերությունն ու սկսել այդտեղ շինարարական աշխատանքներ իրականացնել: