Երբ ես 18 տարեկան էի… նույն Թևանն էի՝ լի երազանքներով ու պատրաստ դրանց իրականացմանը: Ասեմ, որ երազանքներիս մի մասն իրականացված է, մի մասի էլ իրագործման ճանապարհին եմ, բայց չգիտեմ ինչպես, երազանքներիս թիվը երևի նույն է, քանի որ անընդհատ նորերն են ծնվում:
Հայաստանը… հայրենիք, տուն, կյանք և սեր: Հայրենիք՝ քանի որ այստեղ եմ զգում իմ երազած ազատությունը և պատասխանատվությունը, տուն՝ քանի որ այստեղ ունեմ ջերմության ու պաշտպանվածության զգացողություն, կյանք՝ այստեղ եմ ապրում ու արարում, սեր՝ այստեղ է սրտիս բաբախյունը վերափոխվում ծնկներիս դողի:
Քաղաքականությունը… ապրելաձև է, մտածելակերպ ու ահավոր մեծ ճիգեր՝ մնալ ազնիվ ու մնալ մարդ:
Ուստի… գործադրեք ճիգեր ու ապացուցեք, որ կարող եք շարունակել լինել ազնիվ ու մարդ:
Իմ միջի լավատեսը… շարունակում է ոչ միայն երազել, այլև հավատալ իր երազանքները կյանքի կոչելու հավանականությանն ու այդ ուղղությամբ հստակ գործողություններ անել: Ամեն ինչ լավ է լինելու: Դուխով:
Ես մինչ օրս էլ…սովորում եմ ամեն օր, ուստի այն մասին, թե ինչ կլինի հաջորդ օրը, այսօր դեռ չեմ սովորել:
Բայց վստահ եմ, որ… չկա անհնարինը, պարզապես հավատա, սովորիր, փորձիր ու արա:
Երեխաներիցս սովորում եմ… կյանքի զարգացման մասին. աշխարհը գեղեցիկ ու հարուստ է իր փոփոխության մեջ:
Իսկ նրանք ինձանից սովորում են… այդ հարցը իրենց է պետք տալ: Ես կարող եմ պատասխանել, թե ես ինչ կցանկանամ ու ինչ եմ փորձում իրենց սովորեցնել:
Իմ միջի հայրը… փորձում է միշտ հասնել, լինել կողքներին՝ խոսքով ու ֆիզիկապես:
Ամենալավ բանը կյանքում… կա մի ասացվածք. «Կյանքը մի կարճ զբոսանք է մինչ ընդմիշտ քունը»: Ամենալավ բանը հենց այդ զբոսանքն է: Վայելեք այդ զբոսանքը:
Իսկ հեղափոխությունը սկզիբն է… նորի, որի իրականություն դարձնելու հնարավորությունը միայն քո ձեռքում է:
Իմ միջի հեղափոխականը… երբեք չի վախենում ու խուսափում փոփոխությունից: Մարդն ամեն օր իր ապրելակերպում և մտածելակերպում պետք է հեղափոխություն անի՝ ձգտելով իր երազանքին: Իմ միջի հեղափոխականն ինձ դեպի իմ երազանքներն է տանում:
Ես երբեմն նյարդայնանում եմ, երբ… չեմ կարողանում ինձ զսպել չնյադայնանալուց: Մարդ պետք է տիրապետի ինքն իրեն. պիտի հասկանա, թե որ զգացմունքներին պետք է ազատություն տալ, իսկ որոնք զսպել: Իմ նյարդայնանալու պատճառը հենց այս ունակության դրսևորումներն են և չի վերաբերում այլոց:
Բայցևայնպես… ամեն օր աշխատում եմ սխալներս ուղղել և փոխվել:
Մեզ այսօր ամենաշատը պետք է… սեր ու հանդուրժողականություն: Մենք պետք է սովորենք իրար հետ ապրել:
Իմ միջի պահանջկոտը… դնում է նպատակ և հասնում դրան, դժվարություններից չի վախենում, անհաջողությունից չի հիասթափվում, սովորում է ամեն օր:
Մեծ ընտանիքը… Եթե հարցը 5 երեխաներին է վերաբերում, ապա ասեմ, որ երեխաների «շատ» լինելու գաղափարը պետք է մեր մեջից հանել: Աստված տա, բոլոր ընտանիքներն ավելանան: Ինձ համար մեծ ընտանիքը երջանկություն է:
Իսկ սերը… կյանքի շարժիչ ուժը: Մաղթում եմ բոլորին լինել սիրահարված և սիրված: Դա նաև բնության պարգևած ունակությունն է՝ գալ փոխզիջման, իմանալ ներել և ներված լինել:
Ամբողջությամբ՝ vnews.am