Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները համարվում են 21-րդ դարի մեծ չարիք և հատկապես սպառնում են զարգացած երկրների բնակչությանը: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվին են պատկանում, և նկատվում է նաև այդ հիվանդության «երիտասարդացում»: Այս ամենի մասին ավելի մանրամասն տեղեկանալու, նաև այդ հիվանդություններից խուսափելու համար զրուցեցինք բժիշկ-սրտաբան Ինեսա Ադամյանի հետ:
– Սրտային հիվանդությունները, ինչպես նաև շատ այլ նենգ հիվանդություններ, զարգանում են շատ «աննկատ», իսկ մենք դրանց մասին իմանում ենք միայն այն ժամանակ, երբ հիվանդության հետևանքներն ու զարգացումները բավականին լուրջ բնույթ են կրում: Էկոլոգիայի անբարենպաստ պայմանները, նյարդային լարվածությունը, սթրեսային վիճակները ոչ ոքի համար էլ, բնականաբար, առողջարար չեն և վատ են անդրադառնում սրտի վրա: Մեր կենսակերպը ևս մեծ դեր ունի` հաճախ ոչ ճիշտ սնվելը, բարեկեցիկ կյանքին ձգտելու մեր ցանկությունները դարձնում են մեզ ավելի անշարժ: Մարդու մկանները պետք է միշտ գտնվեն դինամիկայի վիճակում: Սիրտը ևս իրենից ներկայացնում է «մկանային պարկ», որը կատարում է «պոմպի» դեր: Իսկ երբ անընդհատ ու չափավոր ծանրաբեռնվածությունը պակասում է, այդ մկանները ատրոֆիայի են ենթարկվում: Սիրտ-անոթային համակարգի տարածված հիվանդությունների թվին են պատկանում հիպերտոնիան, ստենոկարդիան, միոկարդի կաթվածը, սրտի արատները` ի ծնե կամ ձեռքբերովի: Եթե ժամանակ առ ժամանակ ձեզ մոտ զարկերակային ճնշման բարձրացում է նկատվում, չարժե այն վերագրել հոգնածությանը, սթրեսին կամ եղանակի փոփոխությանը, պարզապես պետք է դիմել մասնագետի: Ձեր տարիքն ու ժառանգականությունը, հետազոտության հետ մեկտեղ, կհուշեն մասնագետին` ինչ բուժում նշանակել: Մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջին անհրաժեշտ է սնուցում և թթվածին, որը մատակարարվում է զարկերակներով, արյան միջոցով: Եվ որպեսզի արյունը բոլոր բջիջներին հասնի զարկերակներում, անհրաժեշտ է ճնշում, որը պահվում է սրտի աշխատանքի ու անոթների գործունեության շնորհիվ:
– Ո՞րն է այսօրվա ամենատարածված հիվանդության` հիպերտոնիայի, առաջացման պատճառը:
– Առանձին դեպքերում զարկերակային հիպերտոնիայի պատճառները որոշելը երբեմն հեշտ չի լինում: Քիչ կարևոր դեր չունի նաև ժառանգականությունը. եթե հարազատներից մեկը տառապել է հիպերտոնիայով` հիվանդության առաջացման հավանականությունը մեծ է: Իսկ հիմնականում հիվանդությունը հստակ պատճառ է ունենում: Խոսքը գնում է երկրորդային հիպերտոնիայի մասին, որը կարող է առաջանալ երիկամային զարկերակների հիվանդության, էնդոկրին խանգարումների, մեծ անոթների` աորտաների հիվանդության դեպքում:
– Իսկ ովքե՞ր կարող են համարվել հիպերտոնիայով հիվանդանալու ռիսկային խումբ:
– Հիպերտոնիայի առաջացմանն ու զարգացմանը նպաստում են ավելորդ քաշը, կերակրի աղի չարաշահումը, քիչ շարժուն կենսակերպը, նյարդային սթրեսներն ու դրանց հետ կապված բուռն ռեակցիաները, ծխելը: Ցավոք, սրտի, հիվանդության տարիքը բավականին երիտասարդացել է: Եթե հիպերտոնիա առաջացել է արդեն 30 տարեկանում, կարևոր է մանրակրկիտ հետազոտել ու հայտնաբերել պատճառները, բայց հիմնականում այն զարգանում է 40-ից հետո: Կանանց մոտ դրա առաջացումը հաճախ կապված է կլիմակտերիկ շրջանի հետ: Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալներով` բոլորի համար զարկերակային նորմալ ճնշումը պետք է պահպանվի 120/80 մմ սանդղակի սյան չափով: Իհարկե, թույլատրելի են 100/60-ից մինչև 135/85 տատանումները, միայն ինքնազգացողության վրա չազդելու պայմանով: Եթե ցուցանիշները վերը նշված թվերից շատ են բարձրանում, պետք է անպայման դիմել մասնագետի օգնությանը:
Թյուր կարծիք կա, որ տարիքի հետ ճնշման ցուցանիշները բարձրանում են, և դա համարվում է նորմալ: Մենք այս մոտեցումը ճիշտ չենք համարում: Բարձր ճնշումը հիվանդության նշան է, այլ ոչ` տարիքի: Այլ բան է, որ տարիքի հետ ավելի են շատանում հիպերտոնիայի առաջացման ու զարգացման պատճառները (այստեղ պետք է նշել անոթների աթերոսկլերոզը): Այդ է պատճառը, որ բարձր զարկերակային ճնշումը հանդիպում է ավելի շատ տարիքով մարդկանց մոտ: Հիպերտոնիան կարող է արտահայտվել ծոծրակում ծանրության զգացումով, քունքերում խփոցներով, թուլությամբ, գլխապտույտով, նույնիսկ առանձին դեպքերում՝ տեսողության կորստով: Շատերը երբեմն այս սիմպտոմները վերագրում են այլ հիվանդության ու չեն էլ կասկածում հիպերտոնիայի մասին: Այս հիվանդությունը բավականին երկար ժամանակ կարող է զգացնել չտալ իր մասին, բայց հետևանքները կարող են լինել շատ ծանր` սրտի կամ ուղեղի կաթված: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ճնշումը կարող է բարձրանալ նաև առողջ մարդկանց մոտ, չէ՞որ այն նորմալ ռեակցիա է ֆիզիկական կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածության դեպքում: Պարզապես առողջ մարդկանց մոտ որոշ ժամանակ անց այն կկարգավորվի, իսկ հիվանդի մոտ` այդպես էլ կմնա: Բացի բժշկի նշանակած դեղերից, այս հիվանդությունից ազատվելու համար պետք է նաև հիվանդի օգնությունը: Առաջին հերթին պետք է ազատվել ավելորդ քաշից։ Յուրաքանչյուր կիլոգրամը սանդղակից պակասեցնում է 1-2 մմ: Պետք է զբաղվել սպորտով: Սպորտաձևերից օգտակար են լողը, վազելը, քայլելը, հեծանիվը: Իհարկե, պետք է հիշել, որ այս դեպքում մարզասարքերը, ծանր ատլետիկան ու թռիչքները հակացուցված են: Պետք է սնդից զգալի կերպով կրճատել կերակրի աղի գործածության քանակը: Միանշանակ պետք է հրաժարվել ծխելուց ու ալկոհոլից:
– Ի՞նչ ասել է՝ տախիկարդիա:
Տախիկարդիան առիթմիայի տեսակ է, որի ժամանակ սրտամկանի կծկումների քանակը կտրուկ աճում է, զարկերի քանակը կարող է հասնել100-ի: Իհարկե, առիթմիայի այս տեսակը ու նաև բրադիկարդիան, որի ժամանակ տեղի է ունենում հակառակ երևույթը (1 րոպեում՝ 60 զարկ) չեն խոսում հիվանդության մասին, այլ պարզապես օրգանիզմի արտահայտությունն է` այս կամ այն իրավիճակում: Տարբեր իրավիճակներ են հանդիպում կյանքում, որոնց ժամանակ հուզմունքը, որախությունը կամ տխրությունը կարող են առաջացնել տախիկարդիա: Ես կցանկանայի խոսել մի տարածված հիվանդության մասին ևս, որ բժշկության մեջ ընդունված է անվանել «գրուդնայա ժաբա»: Իր այս անվանումը հիվանդությունը ստացել է դեռ հնում, որովհետև, երբ սկսում է այս հիվանդության նոպան, մարդը բերանով օդ հավաքելիս՝ սկսում է գորտանման ձայներ հանել: Այսօր այդ հիվանդությունն անվանում են ստենոկարդիա, և այն ամենատարածվածն է աշխարհում: Այն վտանգավոր է ոչ միայն ինքն իրենով, այլ նաև իր հնարավոր հետևանքներով, քանի որ ստենոկարդիան սրտի իշեմիկ հիվանդության ամենակործանարար արտահայտությունն է: Ստենոկարդիայի ռիսկային խմբում են գտնվում ծանր քաշով ու տարիքով տղամարդիկ: Ստենոկարդիայի նոպայի ժամանակ բնորոշ է սուր ցավի զգացողությունը կրծքավանդակի շրջանում, որը տարածվում է ուսով` հաճախ ձախ, ու փոխանցվում նույնիսկ մատներին: Այս հեղձուկի նոպաները տևում են հաշված վայրկյաններ, ամենաշատը բացառիկ դեպքերում կարող է տևել 10 րոպե: Միաժամանակ կարող է լինել շնչարգելություն, գունատություն, թուլություն, թուլանում է ձախ ձեռքը, ուժեղանում է այրոցի զգացումը, սրտխառնոց է լինում, հիվանդի աչքերում զգացվում է սարսափելի վախի զգացում: Ստենոկարդիայի նոպան ավելի շուտ կարող է առաջանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու էմոցիոնալ լարվածությունից հետո, ընդ որում` հիվանդությունը ձմեռն ավելի ծանր է ընթանում, քան ամռանը: Ավելի արագ նոպայից ազատվելու համար պետք է խուճապի չմատնվել, կանգ առնել ու հանգստանալ, պետք է աշխատել պառկել ու թուլանալ: Իհարկե, անմիջապես պետք է դիմել բժշկի: Ստենոկարդիայի առաջացման գլխավոր պատճառը սրտին անհրաժեշտ քանակությամբ սնուցող նյութերի ու թթվածնի պակասն է: Իսկ վերջում պետք է նշել, որ սիրտ-անոթային համակարգի շատ հիվանդությունների տևական արդյունքը ժամանակի ընթացքում բերում է այն բանին, որ սիրտն անկարող է դառնում արյուն մատակարարել մյուս օրգաններին, և առաջանում է սրտային անբավարարություն: Սրտային անբավարարությունը զարգանում է հատկապես սրտի իշեմիկ հիվանդությամբ ու հիպերտոնիայով տառապողների մոտ: Հիվանդության առավել նկատելի ու հիմնական սինդրոմն արտահայտվում է շնչարգելությամբ, որը կարող է սկսվել նույնիսկ հանգիստ վիճակում կամ քիչ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: Այս դեպքում դա շատ լավ երևում է եղունգներից, քանի որ օրգանիզմին բավարար քանակի արյուն չի մատակարարվում: Սրտային անբավարարությունը կարող է ընթանալ սուր և քրոնիկական ձևով:
– Ժամանակին բժշկի դիմելու դեպքում ի՞նչ մեթոդներով է իրականացվում բուժումը:
– Գոյություն ունեն բավական շատ մեթոդներ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու ու բուժելու համար: Այսօր հայտնի ու կարևոր մեթոդ է էլեկտրոկարդիոգրաֆիան, որի օգնությամբ հայտնաբերվում են սուր և քրոնիկական իշեմիկ հիվանդություններ, առիթմիաներ: Հաջորդ մեթոդն էխոկարդիոգրաֆիան է, որը թույլ է տալիս հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սրտի արատները` ի ծնե կամ ձեռքբերովի, օգնում է հայտնաբերել սրտի նորագոյացությունները: Գոյություն ունեն նաև սթրես-թեստեր, որոնց օգնությամբ պարզում ենք, թե ինչ վիճակում է գտնվում սիրտը ծանրաբեռնվածության պահին: Մյուս մեթոդը կորոնոգրաֆիան է, որի օգնությամբ պարզում են կորոնար անոթների վիճակը` հայտնաբերելով անոթների նեղացման աստիճանն ու տարբեր անոմալիաներ: Եվ վերջապես բուժումն իրականացվում է դեղորայքային միջոցներով կամ վիրաբուժական միջամտությամբ: Իսկ ավելի լավ կլինի հետևել առողջ կենսակերպին, որ բժշկությունը միայն պրոֆիլակտիկ բնույթ կրի:
Սուսաննա Ազատյան
Հոկտեմբեր 3, 2008
168.am