Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, լույս աշխարհ է եկել ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի և երգչուհի Լյուսիի առաջնեկը՝ Նոյը: Life.panorama.am-ը ջերմ շնորհավորանքներ է հղել և զրուցել է երջանիկ հայրիկի հետ:
«Զգացողություններս շատ խառն են՝ բառերով դժվար նկարագրելի: Անբացատրելի հուզմունք է, երբ քեզնից երեխա է ծնվում, վստահ եմ՝ ինձ կհասկանան բոլոր նրանք, ովքեր բալիկներ ունեն: Սա հրաշքին հավասար մի բան է»,- նշեց Արամայիսը:
Վերջինս վստահեցրեց, որ թե Լյուսին, թե որդին իրենց լավ են զգում: Ի դեպ՝ Նոյը ծնվել է 3,300կգ քաշով և 50սմ հասակով: Ծնողները դեռևս նմանություններ չեն կարողանում գտնել.
«Իհարկե, ով տեսնում է, ոմանք ինձ, ոմանք էլ Լյուսիին են նմանեցնում, բայց միևնույն է, մինչև մի փոքր չմեծանա, հստակ նմանություն գտնելը դժվար է»,- նկատեց մեր զրուցակիցը:
Խոսելով անվան ընտրության մասին՝ Արամայիսը պատմեց.
«Ես միշտ ցանկացել եմ որդի ունենալ ու անունը Նոյ դնել: Դա իմ սիրելի անուններից է: Կարծում եմ՝ մարդու կյանքում անունը մեծ նշանակություն ունի: Անունը երբեմն հուշում է, թե ով պետք է դառնաս, ինչ առաքելություն ունենաս: Մենք շատ մեծ հույս ունենք, որ մեր Նոյը լավ մարդ կդառնա, իսկ իր անունն էլ իրեն կօգնի, որպեսզի ավելի ճիշտ մարդ դառնա, որ իր մտքերն ու հայացքներն էլ տարբեր լինեն»:
Արամայիսը խոստովանեց՝ շատ տղամարդկանց նման երբեք մոլի կերպով որդի ունենալու մասին չի մտածել:
«Ինձ համար գլխավորը երեխան առողջ լինի, սեռը կապ չունի: Ես արդեն մի աղջիկ ունեմ, և շատ լավ գիտեմ հոր ու երեխայի կապը: Երեխայի դաստիարակության հարցում առաջինը կարևորում եմ նրա մեջ սերմանել միայն բարին ու լավը»:
Ի դեպ՝ Արամայիսն ու Լյուսին ցանկություն ունեն իրենց բալիկին մկրտել ծննդյան 8-րդ օրը, հայրիկի խոսքով՝ իրենք շատ են կարևորում, որ որդին ճիշտ քրիստոնյա մեծանա:
Լյուսիի հղիության մասին քչերը գիտեին, հարցին, թե ինչու էր զույգը լրատվամիջոցներից բարի լուրը գաղտնի պահում, պատասխանեց.
«Ոչ թե գաղտնի էինք պահում, թաքցնում, այլ պարզապես չէինք ուզում շատ անձնական այդ լուրը մի որոշ ժամանակ հանրայնացնել: Մենք սնահավատ չենք, ոչ էլ նպատակադրված թաքցրել ենք Լյուսիի հղիությունը: Կարծում եմ՝ հիմա, երբ բալիկն էլ ծնվել է, բոլորն էլ կիսում են մեր երջանկությունը»:
Հետաքրքրվելով, թե Լյուսիի աշխատանքային դադարը երկա՞ր կտևի, Արամայիսը նկատեց.
«Ոչ, դժվար թե դադարը երկար լինի: Կարծում եմ՝ ընդամենը մի քանի ամիս անց արդեն Լյուսին կվերադառնա ակտիվ աշխատանքային առօրյային»: