Գյումրու քաղաքապետարանում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Գյումրու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի պատրաստման մեկնարկային աշխատաժողովը, որի մեկնարկով պաշտոնապես սկիզբ դրվեց ծրագրի մշակմանը: Այն մեկամյա նախագիծ է, որի նպատակն է աջակցել Գյումրու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի (ԿՔԳԾ) մշակմանը: Նախագիծը ֆինանսավորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): ԿՔԳԾ-ն ՎԶԵԲ-ի Կանաչ քաղաքների ծրագրի բաղկացուցիչ մասն է և ուղղված է քաղաքային համայնքների կայունության և բնապահպանական մարտահրավերներին արձագանքմանը։
Ինչպես տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, Գյումրի քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակման համար ներգրավվել է միջազգային փորձագիտական խումբ, որը կազմված է «Ատկինս», «Էյչ-Սի-Էլ Քնսալթինգ» և Էլ-Դի-Քեյ (Atkins Acuity, HCL Consulting և LDK) ընկերությունների ներկայացուցիչներից։ Վերլուծության հիմնական ոլորտներն են տրանսպորտը, շինությունները, արդյունաբերությունը, էներգետիկան, ջրամատակարարումն ու ջրահեռացումը, կոշտ կենցաղային թափոնները, քաղաքաշինությունը, հողօգտագործումը, կանաչ տարածքները և էկոհամակարգերը։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է ծրագրի իրագործումը.
«Այն թույլ կտա գնահատել քաղաքի բնապահպանական խնդիրները, կայունզարգացման մարտահրավերները և հանրության հետ քաղաքականության երկխոսությանապահովման միջոցով մշակել քաղաքի կայուն զարգացման տեսլական»:
ՎԶԵԲ ներկայացուցիչ Ն.Զոլլանդսին ողջունելով ներկաներին՝ խոսել է Գյումրու հետ ունեցած հարաբերությունների, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում այս պահին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ և լուսավորություն» ծրագրի մասին, ապա՝ անդրադարձել «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին և դրա ընթացքին: