Life.panorama.am-ը լսել է Երևանի պետական կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) կարծիքները՝ ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հայտարարության վերաբերյալ, ըստ որի նախարարը տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու լուսանկարվելու՝ այսպես կոչված՝ «սելֆիի ժամին» մասնակցելու:
Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ մեր հարցադրումից է լսում այս մասին և չի պատրաստվում ներկա լինել «սելֆիի ժամին», նա նաև արտահայտեց իր դժգոհությունը Մշակույթի նախարարության վերաբերյալ:
«Ես ժողովրդի հետ տարվա կտրվածքով եմ սելֆի անում, ինձ միայն մեկ օր ու մեկ ժամ պետք չէ: Անշուշտ, վաղը ես քաղաքում կլինեմ, ով կցանկանա՝ կլսուանկարվի ինձ հետ, ով չի ցանկանա, դա իրենց կամքը կլինի: Հաստատ ես այն հայտնիներից չեմ, ով պետք է գնա հրապարակ, որ իր հետ միայն այդ ժամին նկարվեն, ես ժողովրդիս կողքին եմ ամեն օր»,- նշեց Ռաֆայելն ու շարունակեց.
«Չգիտեմ, թե դա ում գաղափարն է, բայց ես Մշակույթի նախարարության գրեթե ոչ մի գաղափարի ուշադրություն չեմ դարձնում, իրենց գաղափարակիցը չեմ, որովհետև Մշակույթի նախարարությունը նախ պետք է դերասաններին, թատրոններին լավ նայի, հետո նոր սելֆիի և այլ նման գաղափարներ տարածի: Կարծում եմ՝ Մշակույթի նախարարությունը կարող էր հայտնի մարդկանց ուշադրություն դարձնել, ժամանակ առ ժամանակ հրավիրել Մշակույթի նախարարություն՝ սուրճ խմելու ու շփվելու, խոսելու ոչ թե պրոբլեմներից, այլ պարզապես հարցնել՝ ինչպե՞ս եք: Մշակույթը մի քանի հոգով պայմանավորված չէ, այդ դաշտը շատերով է պայմանավորված, ովքեր այսօր սիրված են ու իրենք իրենց ուժերով են փորձում ինչ-որ բան անել իրենց ժողովրդի համար»:
Իսկ Արսեն Գրիգորյանը նշեց, որ իրեն հրավեր չի եղել, հետևաբար ներկա չի լինի «սելֆիի ժամին»: ՀՀ Վաստակավոր արտիստը ընդգծեց.
«Կարծում եմ՝ սելֆին առանձնապես մշակութային իրադարձություն չէ, դա նորմալ երևույթ է, բոլորն էլ սելֆի են անում, բայց այն մշակույթ չէ: Վաղը շատ ավելի հետաքրքիր միջոցառում է լինելու Հանրապետության հրապարակին կից, որի մասին, ցավոք, շատ չի խոսվում. Ասեմ, որ Նախարարության ծրագրի համաձայն՝ մենք անելու ենք ազգային ավանդական երգի-պարի միջոցառում, որը բավականին հետաքրքիր է լինելու: Ավելի լավ է՝ ուշադրություն դարձնել ազգային մշակույթին, սեպտեմբերի 21-ին կայանալիք այլ միջոցառումներին, քան ընկնկել սելֆիի հետևից»: