Հայաստանի անկախության օրվա և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ համերգ Հռոմում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի անկախության օրվա և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ համերգ Հռոմում

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ Հռոմի օպերային թատրոնում կայացավ համերգ, որտեղ հնչեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Նվագախումբը, որը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, բաղկացած էր շուրջ 7 տասնյակ իտալացի երաժիշտներից: Ելույթներով հանդես եկան նաև մենակատարներ՝ ջութակահար Հայկ Կազազյանը և դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Համերգին ներկա էին Իտալիայի քաղաքական, հասարարակական, մշակութային գործիչներ՝ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էմանուելա Դել Ռեն, Իտալիայի նախագահի դիվանագիտական խորհրդատու, դեսպան Էմանուելա Դ՛Ալեսանդրոն, Պատգամավորների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեն, սենատորներ և պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, Հռոմի քաղաքապետի պատվիրակը, Իտալիայում հավատարմագրված  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Իտալիայի գործարարներ և մշակութային գործիչներ:

Միջոցառմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Մայր Աթոռի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Լևոնյան վարժարանի տնօրեն գերաշնորհ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ Հռոմից և Իտալիայի մի շարք նահանգներից:

Համերգից առաջ ելույթներով հանդես եկան դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը և Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էմանուելա Դել Ռեն:

Իր խոսքում դեսպանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կայացավ որպես անկախ պետություն և անցած տարիների ընթացքում իր արժանի տեղը զբաղեցրեց ժողովրդավար երկրների միջազգային ընտանիքում: Այդ տարիները հանդիսացան հայ ժողովրդի քաղաքական հասունության և քաղաքացիական գիտակցության դրսևորման հանգրվանը: Հայաստանի դեսպանը նշեց, որ այսօր Հայաստանում մարդու իրավունքների հարգումը և ժողովրդավարությունը բացարձակ արժեքներ են, իսկ տնտեսական և սոցիալական ոլորտներում հավասար պայմանների երաշխավորումը նպաստավոր պայմաններ է ստեղծում երկրի զարգացման համար: Դեսպան Բաղդասարյանը ներկայացրեց նաև տարբեր միջազգային կառույցների միջև Հայաստանի` կապող կամուրջ հանդիսանալու հանգամանքը:

Անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին՝ դեսպանը խոսեց երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, կրթության, մշակույթի, տնտեսության ոլորտներում հայ-իտալական ներկայիս համագործակցության և հեռանկարների մասին՝ նշելով, որ հայկական կողմը հաստատակամ է անել առավելագույնը երկկողմ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու, ջերմացնելու ու փոխշահավետ դարձնելու համար: Դեսպանը հիշատակեց շուրջ երկու ամիս առաջ նախագահ Սերջո Մատարելայի՝  Հայաստան կատարած պատմական պետական այցը՝ նշելով, որ այն ամուր հիմքեր է ստեղծել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն ու բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։

ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև հայ համայնքի դերին՝ որպես երկու ժողովուրդներին և երկրներին կապող կամուրջ։ Դեսպան Բաղդասարյանը խոսեց նաև Էրեբունի-Երևան մայրաքաղաքի հոբելյանի կարևորության մասին:

Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էմանուելա Դել Ռեն անդրադարձավ հայ-իտալական՝ դարերի խորքից եկող բարեկամությանը, ջերմ հարաբերություններին, Իտալիայի գիտակրթական, մշակութային և հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած ավանդին և կարևոր դերակատությանը՝ հատկապես շեշտելով Վենետիկում հայկական հետքի առկայությունը: Նախարարի տեղակալը խոսեց նաև ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության կարևորության մասին:

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ