Ո՞վ որոշեց անկախության հռչակագիրը տալ Արամ Մանուկյանին, և հետո ո՞ւր կորավ պատմական թուղթը. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ո՞վ որոշեց անկախության հռչակագիրը տալ Արամ Մանուկյանին, և հետո ո՞ւր կորավ պատմական թուղթը. armeniasputnik.am

ՀՀ անկախության լուրը հայ ժողովրդին ավետած Արամ Մանուկյանը հիշում է պատմական օրվա հույզերն ու դրան հաջորդած կորուստը։ Գերագույն խորհրդի պատգամավորները պատմում են, թե ով ինչ դեր է ունեցել Հայաստանի անկախության հարցում։

ՀՀ անկախության հռչակագիրը 1990թ-ին շատերն էին ուզում ընթերցել, բայց որոշվեց, որ այն պետք է վերցնի ու ընթերցի Գերագույն խորհրդի` այն ժամանակ դեռ երիտասարդ, 33-ամյա պատգամավոր Արամ Մանուկյանը։ Իսկ որոշողները Հայոց համազգային շարժման առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերհիշելով 1990թ-ի օգոստոսի 23-ի պատմական իրադարձությունները, այս մասին պատմեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Շատերն էին ուզում այդ պատմական փաստաթուղթը վերցնել. պատմության մեջ մնալու պատեհ առիթ էր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն առաջարկեցին, որ ես դա անեմ` հիմնավորելով այն հանգամանքով, որ ես հաղթող ուժի ներկայացուցիչ եմ, երիտասարդ պատգամավոր, լավ ձայն ունեցող և ամենակարևորը` կրում եմ առաջին հանրապետության հիմնադրի անուն, ազգանունը»,- ասաց Մանուկյանը։

Նա այս որոշումը բացառիկ պատիվ ու պատասխանատվություն է համարում և խոստովանում` ընթերցելուց առաջ մի քանի օր հատուկ նախապատրաստվել է, պարապել մասնագետների հետ։ Բայց նույնիսկ դա չի օգնել հաղթահարել հուզմունքը։

«Եթե դուք կադրերը նայեիք, կտեսնեիք, որ սկզբում ձայնիս մեջ որոշակի հուզմունք, նույնիսկ շփոթվածություն կա, բայց վերջին հատվածում արդեն ավելի հստակ, ավելի ինքնատիրապետումով եմ արտասանում` ճիշտ ինտոնացիայով»,- ասում է Մանուկյանը։

Հպարտության հետ, սակայն, այս հիշողությունները Մանուկյանի մոտ նաև ափսոսանք են առաջացնում։ Պատմական փաստաթուղթը, որն Արամ Մանուկյանն ընթերցել էր ԳԽ ամբիոնից, ինչ-որ հանգամանքներում անհետացել է։ Գողացվել է, թե ուղղակի կորել, Մանուկյանն այսօր արդեն չի կարևորում, պարզապես ցավում է, որ իր համար այդքան թանկ հուշն անհետացել է։

Բայց սա միակ կորուստը չէ։ Ժամանակի փոշին անդառնալիորեն ջնջել է նաև ԳԽ պատմական նիստի այդ հատվածի տեսագրությունը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am