«Մարինա Սպենդիարովա. Բազմաշնորհ հայուհին». Ալեքսանդր Սպենդիարյանի դստեր բացառիկ արխիվը հոր մասին այսօրվանից հասանելի է հանրությանը. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մարինա Սպենդիարովա. Բազմաշնորհ հայուհին». Ալեքսանդր Սպենդիարյանի դստեր բացառիկ արխիվը հոր մասին այսօրվանից հասանելի է հանրությանը. aysor.am

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մարինա Սպենդիարովա. Բազմաշնորհ հայուհին» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի դուստր և նրա տուն-թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի ծննդյան 115 ամյակին:

Նրա մահից հետո իր մոտ եղած արխիվը տեղափոխվել է Սպենդիարյանի տուն-թանգարան ու բացվել հենց այս տարի: Արխիվում պահված մեծ հարստությունն ապշեցրել է նաև թանգարանի աշխատակիցներին՝ լուսանկարներ, փաստաթղթեր, նամականի, անձնական իրեր, հեղինակային 4 գիրք ու բազմաթիվ հոդվածներ:

«Մեր նպատակն է ներկայացնել մի արվեստագետի, ով մինչ այսօր լիովին բացահայտված ու հանրայնացված չի եղել, թեև եղել է Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների միությունների անդամ: Այս անհատականությունն արժանի է ուշադրության, և մենք այսօր առաջին անգամ նրա արխիվի նյութերի մի փոքրիկ մասը հանրայնացրել ենք»,-միջոցառման բացման իր խոսքում նշեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Նրա խոսքով՝ Մ. Սպենդիարովան իր ժամանակի լավագույն կրթությունն էր ստացել, բայց հեղափոխությունը, ստալինյան ճնշումները, պատերազմը նրա կյանքը շատ են բարդացրել. 10 տարի աքսորում է եղել՝ շարունակելով ստեղծագործել նույնիսկ ճամբարներում:

Ցուցահանդեսին ներկա էին նաև կոմպոզիտոր, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համահիմնադիր Վլադիլեն Բալյանն ու Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը, ովքեր ժամանակին հնարավորություն են ունեցել անձամբ շփվելու բազմաշնորհ հայուհու հետ:

«Ես նրան հիշում եմ մեծ կին՝ փոքրիկ բեղերով: Սարսափելի բարի էր: Ծխում էր շատ թունդ ծխախոտներ: Գիտակ էր արվեստի տարբեր ճյուղերին՝ հատկապես երաժշտությանն ու կերպարվեստին, բացառիկ տաղանդավոր կին էր»,-փոքր-ինչ կատակելով՝ հիշեց Մարկ Գրիգորյանը:

Ի դեպ, Մարինա Սպենդիարովան տևական ժամանակ բնակվել է ՄԱրկ Գրիգորյանի հայրական տանը: Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը նրա պատմած պատմություններից հիշում է՝ Մարինան կալանավորված լինելով հանդերձ՝ համերգների էր մասնակցում, որոնց ժամանակ իրեն ուղեկցող ոստիկանները բեմի աջ ու ձախ կողմներում սպասում էին համերգի ավարտին՝ հսկելով, որ չփախչի:
Վլադիմիր Բալյանը նկատեց՝ իր հիշողություններն ու պատմելու նյութերը շատ են, բայց կփորձի առավել հակիրճ լինել:

Ամբողջությամբ՝ aysor.am