Շուրջ երկու տարի առաջ հայկական շոուբիզնեսում իր քայլերը սկսեց ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ երգիչ Հրանտոն: Բոլորովին վերջերս երգիչը հանդես եկավ երգահան Մարինա Թագակչյանի հետ նոր համագործակցությամբ՝ խոստովանելով, որ հենց այս՝ «Երևան» երգն իր երգացանկում ամենակարևորն է:
Aysor.am-ի հետ զրույցում Հրանտոն պատմեց ոչ այնքան դյուրին ճանապարհի, համագործակցությունների ընթացքում ծագած կոնֆլիկտների, ֆիլմում նկարահանվելու ու կյանքն ԱՄՆ-ում շարունակելու մասին: Ի դեպ, երչգիչն այսօր նաև նոր մասնագիտություն է ուսումնասիրում:
– Հրանտո, վերջերս հանրությանը ներկայացրեցիք Ձեր «Երևան» երգն, ու խոստովանեցիք, որ Ձեր երգացանկում այս երգն ամենակարևոր տեղն է զբաղեցնում: Ծնունդով Երևանի՞ց եք:
– Ոչ, իրականում ծնվել եմ ԱՄՆ-ում, և, իմիջայլոց, շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակում. երբ մայրս հղիության 6-րդ ամսում է եղել, ծնողներս մեկնել են ԱՄՆ՝ շրջագայության: Սակայն բնությունն իրենն արել է, հանկարծակի մայրս իրեն վատ է զգացել, տարել են հիվանդանոց ու ժամանակից շատ շուտ ես եմ ծնվել: Պատկերացրեք, կշիռս ընդամենը 800 գրամ է եղել: Ծնողներս պատմում են, որ մի լավ վախեցրել եմ իրենց: Բժիշկները ստիպված են եղել երկար ժամանակ ինձ պահել հատուկ կյուվեզի (ինկուբատոր՝ հեղ.) մեջ, որպեսզի կարողանան փրկել կյանքս:
– Ու այդ օրվանից Միացյալ Նահանգներո՞ւմ եք հաստատվել:
– Չէ, ամիսներ անց վերադարձել ենք Հայաստան, քանի որ երկու եղբայրներս Հայաստանում էին: Սակայն ճակատագիրը մեր ընտանիքին միշտ ճամփորդի կարգավիճակում է պահել. Երևան վերադառնալուց շատ չանցած մենք մեկնեցինք Ֆրանսիա, իսկ արդեն տարիներ անց ես միայնակ վերադարձա ԱՄՆ ու ինձ մոտ կանչեցի նաև ընտանիքիս: Հիմա մեծ հույս ունեմ, որ կգա մի օր, երբ մեր ընտանիքով վերջնականապես կտեղափոխվենք Հայաստան, քանի որ իմ ողջ մտքերն այդտեղ են, իմ ամենասիրելի քաղաքը Երևանն է, այդտեղ ես տանն եմ (ժպտում է՝ հեղ.):
– Այստեղ հիմա հարազատներ ունե՞ք:
– Իհրակե, հարազատներ ու ընկերներ շատ ունեմ այդտեղ: Հենց նրանց հանդեպ կարոտն էլ ինձ ամեն անգամ բերում է Հայաստան: Մենք միշտ կապի մեջ ենք, ինքս էլ նրանց հաճախ եմ հրավիրում ԱՄՆ:
Ամբողջությամբ՝ aysor.am