Ինչպես հայտնում է TheNextWeb-ի նախկին սոց․ մեդիա տնօրեն, ճանաչված սոց․ մեդիա խորհրդատու Matt Navarra-ն, Facebook Page-երն այսուհետ հնարավորություն կունենան անդամակցել խմբերին։
Խմբերի կարգավորումներում ավելացել է նոր կետ՝ «Թույլատրել էջերի խմբերին անդամկցելու հայտ ուղարկել» (Allow Pages to request to join as group members): Այն ավտոմատ ակտիվացրած է բոլոր խմբերում։ Այս հնարավորությունն անջատել խմբի ադմինիստրատորները կարող են Edit group settings բաժնից։
Facebook-ի մամուլի խոսնակը, պատասխանելով Mashable-ի հարցմանը, հաստատել է տեղեկատվությունը։ Նա նշել է, որ մարդիկ նախընտրում են բիզնեսների, հասարակական կազմակերպությունների և հանրային դեմքերի հետ շփվել նաև ավելի անմիջական միջավայրում։ Նախկինում Facebook Page-երին հնարավորություն էր տրվել ստեղծել սեփական խմբեր կամ կցել դրանք էջին։ Այժմ հնարավոր կլինի էջով անդամակցել տարբեր խմբերին, կատարել հրապարակումներ և մեկնաբանություններ։ Խմբերի ադմինիստրատորները հնարավորություն կունենան հեռացնել կանոնները խախտած էջերը խմբի անդամների ցանկից այնպես, ինչպես սովորական օգտվողներին։
Սրանով Facebook-ը շարունակում է մեծացնել խմբերի և խմբերում անմիջական շփման դերը՝ նոր հնարավորություններ տալով բիզնեսին։
Այս նոր հնարավորությունը դեռևս գտնվում է փորձարկումների փուլում։ Շուտով բոլոր Facebook Page-երը հնարավորություն կունենան անդամակցել խմբերին և լսարանի հետ շփվել ավելի անմիջական միջավայրում։