Իր գրավիչ և սեքսուալ կերպարներով ամեն անգամ զարմացնող երգչուհի, դերասանուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի: Այս անգամ ևս երգչուհին աշխատել է լուսանկարիչ Վահե Ստեպի հետ, իսկ նոր համագործակցության մանրամասների մասին Ռիփփին պատմել է Life.panorama.am-ին:
Այս երգչուհուն կարելի է տեսենել մեկ եթերային զգեստով, մեկ էլ սեքսուալ կերպարներով: Ոճային կտրուկ փոփոխությունների սիրահար Ռիփփին նշեց.
«Կտրուկ փոփոխություններն իմ էության մի մասն են կազմում: Այդպիսին եմ ես ոչ միայն ֆոտոշարքերում, այլև՝ կյանքում: Ես փոփոխական մարդ եմ, նույն տեղում անդադար լինել չեմ կարող, դրա համար այդ բնավորությունս անդրադառնում է նաև աշխատանքներիս վրա»:
Վերջինս պատմեց նաև.
«Այս ֆոտոշարքի գաղափարն իմն էր: Սկզբում ես պարզապես լուսանկարների հագուստիս կտորն էի տեսել, որն այնքան էի հավանել, որ անմիջապես զանգեցի Վահե Ստեպին ու խնդրեցի հուշել, թե ինչ զգեստով և ինչ միջավայրում կարելի է ֆոտոշարք անել: Վահեն խորհուրդ տվեց լողավազանում իրականացնել ֆոտոշարքը, կտորից էլ ստանալ բոդի. Ի դեպ՝ ինչպես իմ հագուստներից շատերը, այս մեկն էլ ինքս եմ կարել: Մի խոսքով՝ ամեն ինչ ստացվեց հարթ՝ ըստ հերթականության»:
Ռիփփին նկատեց, որ սկզբում ցանկություն են ունեցել միայն լողավազանի մեջ լուսանկարներ անել, բայց տեղում մտափոխվել են:
«Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի հաճույք է Վահեի հետ աշխատելը: Նա ինձ համար հրաշալի մասնագետ է, ով կարող է պատկերացումներս ավելի քան իրականություն դարձնել: Հենց ֆոտոշարքի իրականացման ընթացքում էլ հասկացանք, որ ուզում ենք ոչ միայն ջրում, այլև լողավազանի շրջակայքում նկարենք»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե Ռիփփին ինչի վրա է շեշտը դնում, որպեսզի սեքսուալության սահմանը չխախտի և միայն էսթետիկ գեղեցկություն փոխանցի, պատասխանեց.
«Կարծում եմ՝ ամեն ինչ գալիս է ներսից: Երբեք բաց հագուստով չեմ ասոցացրել սեքսուալությունը, փակ հագուստով ևս կարելի է սեքսուալ լինել: Եթե կինը ներքին որակ է ունենում, ապա նա երբեք վուլգար չի լինի: Ես բաց հագուստից չեմ վախենում: Ես քննադատություններից ևս չեմ վախենում, անգամ ուրախ եմ, երբ հնչում են տարբեր կարծիքներ: Շատ կարևոր է միայն, որ քննադատություններն առողջ լինեն, դրանցից ես շատ բան եմ սովորում: Անգամ իմ երգերը ոչ պատրաստի վիճակում ուղարկում եմ ընկերներիս՝ խնդրելով, որ ինձ ասեն, թե, որ հատվածն է վատ, այդ կերպ ես փորձում եմ աճել»:
Մեզ հետ զրույցում Ռիփփին հայտնեց, որ առաջիկա օրերին ևս մեկ ֆոտոշարք կիրականացնի: Այս պահին երգչուհին աշխատում է իր նոր երգի վրա, որը նաև տեսահոլովակ կունենա: Որպես դերասանուհի ներկայանալու առաջարկներ էլ ունի, որոնք, նրա խոսքով, քննարկման փուլում են:
«Շուտով եթերում կլինի «Տեսիլքներ» 25 մասից բաղկացած ֆիլմաշարը, որին ինքս անհամբեր սպասում եմ, քանի որ այն միստիկ ժանրում է: Ուրախ եմ, որ ռեժիսորներն ինձ տարբեր ժանրերում են տեսնում, հետևաբար կարողանում եմ տարբեր ժանրերում ինձ դրսևորել»,- ավարտեց նա: