Երևանի նոր քաղաքապետի և որպես երևանցի՝ նրանից ունեցած սպասելիքների մասին Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հետ:
«Բնականաբար, Հայկ Մարությանից ես մեծ սպասելիքներ ունեմ, որովհետև նա 80% ձայներով ընտրվեց: Նա կարգին ու ազնիվ երիտասարդ է, և վստահ եմ, որ լավ կաշխատի ու ամեն ինչ կանի, որպեսզի Երևանը դառնա զարգացած, առաջադեմ, մոդեռն ու լավ քաղաք՝ չկորցնելով իր պատմական դիմագիծը»,- նշեց Լ. Մնացականյանը:
Վաստակավոր արտիստուհին դժվարացավ կոնկերտ մատնանշել Երևանի առաջնային լուծման խնդիրները:
«Խնդիրները այնքան շատ են, որ այլևս չես կարող դրանք առանձնացնել առաջնային ու երկրորդական խմբերի: Ինքս բազմիցս ասել եմ, որ չեմ նախանձում այն մարդուն, ով քաղաքապետ է դառնալու, որովհետև քաղաքն այնպիսի բարձիթողի վիճակի մեջ է, որ անհրաժեշտ է տիտանական աշխատանք տանել: Ինձ համար խնդիրները սկսվում են քաղաքի նոր շինություններով, որոնք հիմնականում կենտրոնացված են կենտրոնում. Մի՞թե կարելի է փոքր տեղում այդքան շինություններով խեղդել փողոցները: Պետք է կանաչապատել քաղաքը, վերանորոգել շենքերի տանիքները, բակերը, խաղահրապարակներ ստեղծել, լուծել տրանսպորտի հարցը, որն արդեն կաթվածահար է լինում: Գիտեք, իմ ցանկությունները ես կարող եմ հայտնել՝ որպես երևանցի, ես կարող եմ նշել բազմաթիվ խնդիրներ ու ասել, որ դրանք պետք է լուծվեն, իսկ թե ինչպես՝ ես դա չգիտեմ, լուծման ճանապարհներ մատնանշել ես չեմ կարող, քանի որ դրա մասնագտեը չեմ»,- ընդգծեց նա:
Լալա Մնացականյանը առանձնահատուկ անդրադարձավ ամեն ինչ կենտրոնում տեղակայելու խնդրին.
«Մի բան հաստատ է՝ ամեն ինչ կենտրոնացած է քաղաքի կենտրոնում, որը խիստ սխալ է. Հենց թեկուզ մեքենաների համար նախատեսված ցուցանակները դրված են կենտրոնում, իսկ արդեն ծայրամասում դրանք բացակայում են: Եթե տուրիստը Երևան-Սևան մայրուղիով մտնի Երևան, իր առջև երկու ճանապարհ է բացվում և չի նշվում, թե, որ մեկն ուր է տանում, իսկ դա հաստատ նորմալ երևույթ չէ: Առհասարակ, տուրիզմի զարգացման հարցում էլ մեր քաղաքը շատ է կաղում. Մենք չունենք տարրական հիգիենայի վայրեր, որոնք կան ողջ աշխարհում, մենք չունենք այգիներ, որոնք յուրաքանչյուր երկրում խոսում է իր ցիվիլ լինելու մասին: Մի պահ նայեք՝ մենք քաղաքի, ո՞ր հատվածում այգիներ ունենք, որտեղ էլ այգի կա, ամբողջը լցված են սրճարաններով, որոնք աշխատում են ամռան երեք ամիսներին: Էլ չասեմ, որ այդ սրճարաններից լսվում է արաբաթուրքական երաժշտություն ու քյաբաբի հոտ. Կարծում եմ՝ պետք է այգիները փրկել առաջին հերթին վատ երաժշտությունից, դա պետք է խստիվ արգելել: Անհրաժեշտ է նաև փողոցներն ու տրանսպորտը բարեկարգել և հարմարեցնել մանկասայլակների ու հաշմանդամների սայլակների համար»,- հավելեց դերասանուհին:
Դիտարկմանը, որ Երևանի կոլորտիային դիմապատկերն ինչ-որ իմաստով արդեն խաթարված է, և հարցին, թե ըստ նրա՝ վերականգնել հնարավո՞ր է, պատասխանեց.
«Գիտեք, դա շատ լուրջ ու դժվար լուծելի խնդիր է: Դիմապատկերը վերականգնելու համար նույն այդ շենքերի կառուցումը պետք է կանգնեցնել, քանդել, արդյոք Հայկ Մարությանը այդքան ուժ կունենա անել՝ չգիտեմ: Բայց պետք է այնքան զգոն լինել, որ գոնե ծայրամասերը փրկենք, որովհետև շատ գեղեցիկ վայրեր կան Մասիվում, Ավանում, Կոմիտասում: Գիտեք, Հայկի առաջ շատ մեծ պատասխանատվություն կա, նրան քաղաքի 80%-ն է ընտրել, հավատացել, վստահել, և ես համոզված եմ, որ նա հիմա մեծագույն լրջությամբ իր վրա վերցրել է այս մեծ պատասխանատվությունը, որովհետև շատ լավ է հասկանում, որ սխալվելու իրավունք չունի, պետք է լծվի աշխատանքի և անի անհնարինը: Հայկ Մարությանին սրտանց մեծագույն հաջողություն եմ մաղթում, մենք էլ կփորձենք նրան օգտակար լինել»: