Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գրառումը. «Մի բան պարզ է՝ Նիկոլ Փաշինյանի խոսքից և Շանթ Հարությունյանի պատասխան ասուլիսից հետո Շանթ Հարությունյանի ազատ արձակման գործը փակուղում է։ Պարզ է նաև, որ Շանթի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ որևէ իրավական գործընթաց չեն նախաձեռնում։ Նրանք բավարարվում են, որքան ինձ է տեսանելի, ֆեյսբուքյան գրառումներով։
Մայիսին հստակ էր հայտարարված՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու։ Չէր ասվել, թե փոխվելու է քաղբանտարկյալների կալանավայրում պահման ռեժիմը։ Այլ ասվել էր, որ այդպիսիք չեն լինելու։ Ռեժիմի փոփոխությունը չի նշանակում քաղբանտարկյալի ազատ արձակում կամ արդարացում եւ չի վկայում քաղբանտարկյալների չլինելիության մասին։
Վստահ եմ, որ կառավարությունում առկա իրավաբանական համապատասխան ծառայությունները, արդարադատության նախարարությունը, դատախազությունը և օմբուցմենի գրասենյակը համատեղ, ինչպես նաև առանձին-առանձին, ի վիճակի են հարցի լուծում առաջարկել։ Չեմ հասկանում, թե ինչու՞ քաղբանտարկյալների հարցում այս կառույցներն իրենց քայլ չեն անում և թեման չեն փակում»։