Սպառողների ասոցիացիայի մասնագետները մտահոգիչ երևույթներ են նկատել սպառողական շուկայում: Նախ թանկացումներ են գյուղմթերքի և կաթնամթերքի շուկայում: Նրանց դիտարկումներով՝ հատկապես թանկացել է լոլիկը: Սուպերմարկետներում վաճառվում է մինչև 700 դրամով: Իսկ մեծածախ շուկայում արժի 300-400 դրամ: Կաթնաշոռը և տուփերով կարագը նույնպես թանկացել են՝ մեկ տուփ կաթնաշոռն, օրինակ, դարձել է 520 դրամ: Այս մասին հայտնում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Բացի այդ, կաթնամթերք արտադրող որոշ ընկերություններ փորձում են մոլորեցնել սպառողներին և թթվասերային արտադրանքը վաճառել թթվասերի անվան տակ, վստահեցնում է Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: Նա նշում է, որ դա նորություն չէ:
Նրա խոսքով՝ արդեն մեկ տարի է, ինչ խանութներում թթվասերի փոխարեն վաճառվում է բուսայուղերի անհասկանալի խառնուրդ: Պիտակի վրա նշված է թթվասերային մթերք, սակայն «մթերք» բառը ծածկված է դրոշմակնիքի տակ: Իսկ բաղադրությունը բուսայուղեր են, և նշված չէ, թե ինչ բուսայուղեր են: Ընդ որում, այդ բաղադրությունն անհնար է կարդալ, քանի որ գրված է չափազանց մանր տառերով: