Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տաջիկստանում էր գտնվում։ Երեկոյան նա մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին, որի ժամանակ Փաշինյանին, չգիտես ինչո՞ւ, նստեցրել էին մնացած ղեկավարներից բավական հեռավորության վրա՝ սեղանի ծայրին։
Սոցիալական ցանցերում այդ լուսանկարը և տեսանյութը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձան՝ Փաշինյանին հստակ վերաբերմունքով ցույց են տալիս, որ լուրջ դժգոհություններ ունեն նրա վարած արտաքին քաղաքականությունից, մասնավորապես ՀԱՊԿ մասով։
Մինչ սոցիալական ցանցերում բոլորն այդ տեսանյութն էին քննարկում, ՀՀ Արտգործնախարարությունը զավեշտալի պարզաբանում տվեց.
«Սեղանին ԱՊՀ երկրների ղեկավարները այբբենական կարգով են նստած»- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի կողմից տրված ընթրիքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին:
«Քանի որ երկու Ա-ով երկիր կա, և հավասարություն պիտի պահպանվեր, ոչ թե մեկով սկսեր, մյուսով ավարտվեր, երկու Ա-ով սկսվողներին նստեցրել են սեղանի գլխին»,- ասել է Բալայանը:
Սեղանի մյուս ծայրին, ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի, պետք է նստեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն նա չի մասնակցել:
Նշյալ ընթրիքի լուսանկարը ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Ֆեյբուքյան օգտատերերը նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նստած է սեղանի ծայրում՝ ընթրիքին հրավիրված երկրների առաջնորդներից մեկուսացած:
Ի դեպ, ֆեյսբուքահայերը չեն զլացել և լուսանկարի վրա այբբենական կարգով նշել են երկրների ղեկավարներին։ «ԱԳՆ-ի կռուտիտը չանցավ»,-մեկնաբանում են ֆեյսբուքում։ Օգտատերերից մեկն էլ, կից ներկայացնելով լուսանկարը, գրել է՝ «Մեր ԱԳՆ-ն ասումա, որ այբբենական կարգով են նստացրել: Տղերք, էդ ո՞ր այբուբենով :)))»։
Գագիկ Մարկոսյան