Սևանա լճի շրջակայքում ապօրինի շինությունների քանդման համար պահանջվող գումարը բավականին մեծ է
Advertisement 1000 x 90

Սևանա լճի շրջակայքում ապօրինի շինությունների քանդման համար պահանջվող գումարը բավականին մեծ է

Սևանա լճի ափամերձ տարածքներում լճի մակարդակի բարձրացման նիշից՝ 1905 մետրից ցածր ապօրինի շինությունները քանդելու համար արված նախնական հաշվարկներով զգալի գումար է պահանջվում: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի կարծիքով՝ դա պետք է քանդեն սեփականատերերը, չանելու դեպքում պետությունը դատական գործընթացների միջոցով պիտի անի:

Նախարարը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին` անրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցին:

Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց` «Սևան» ազգային պարկում ունե՞նք, արդյոք, հողեր, որոնք սեփականաշնորհման վկայական ունեն, նաև կա՞ն, արդյոք, շենքեր, որոնք սահմանված նիշից` 1905 մետրից ցածր են, բայց չեն կազմաքանդվում:

«Սահմանված նիշից ցածր բոլոր շինություններն ապօրինի են` բացառությամբ Խորհրդային Միության ժամանակվանից մնացած հիդրոհանգույցները կամ պոմպակայանները: Կան դեպքեր, երբ մարդիկ ստացել են դրանց սեփականաշնորհման վկայականներ, սակայն այդ գործողություններն իրականացնողները հաշվի չեն առել սահմանափակումները: Օրենսդրորեն նիշից ցածր գտնվողներն անօրինակ կարգավիճակում են: Քանդման հետ կապված կան նախնական հաշվարկներ, սակայն գումարը զգալի է ստացվում»,- նշեց Գրիգորյանը:

Բոլոր շինությունները քարտեզագրված են` իրենց կոորդինատորներով, ծավալներով: Նախարարությունը նախնական ունի ողջ տեղեկատվությունը, սակայն համադրում է նաև տիեզերական պատկերով ստացվածի հետ: «Սակայն դրանք քանդելը շինությունների սեփականատերերի պարտականությունն է: Եթե չեն անում, ապա պետությունը պետք է դատական գործընթացի միջոցով անի դա»,- նկատեց նախարարը:

Նիշից ցածր շինությունների կոնկրետ քանակը նախարարը չկարողացավ նշել: Որոշակի շինություններ արդեն քանդվել են: