Միացյալ ազգերի կազմակերպությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բավականին լուրջ և թիրախային հարված է Իլհամ Ալիևի վարչակազմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:
«Այն մասով է թիրախային, որ օրինակ է բերվել Նախիջևանի պատմությունը, թե ինչ կարող է տեղի ունենալ Արցախում, եթե Ադրբեջանն ունենա հնարավորություն այնտեղ իշխելու, ինչպես նաև ցեղասպանության շարունակության թեզը առաջ բերվեց: Դրան բավականին ցավոտ և ագրեսիվ ձևով Ադրբեջանում արձագանքեցին` ԱԳՆ-ի և այլ պետպաշտոնյաների մակարդակով: Դա խոսում է այն մասին, որ ճիշտ և թիրախային է հայտարարությունը»,- նշեց Էլիբեկովան:
Ադրբեջանագետի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դանդաղ, բարդ, սակայն, ամեն դեպքում, վերսկսվել է:
«Դա շատ կարևոր է, քանի որ վերջին շրջանում ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանին լարվածությունը խոսում է այն մասին, որ էսկալացիան կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ, և ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանին: Այս ընթացքում Ադրբեջանը փորձելու է ամեն կերպ գործընթացը բոյկոտել և հայկական կողմի վրա պատասխանատվությունը բարդել:
Մենք այդ առաջին ազդակները Իլհամ Ալիևից արդեն ստացանք իր հայտարարություններում, երբ նա ասում էր, թե հայկական կողմը պատրաստ չի բանակցությունների, և իրենք առանձնապես արդյունավետ բանակցելու հեռանկար չեն տեսնում: Այսինքն` ադրբեջանական կողմը ակնհայտորեն փորձում է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն օգտագործել իր օգտին և հետագայում կանխի բանակցային գործընթացի իր համար ոչ նպաստավոր զարգացումները»,- նշեց Էլիբեկովան:
Էլիբեկովան ընդգծեց, որ չի կարելի թույլ տալ Ալիևին, որպեսզի նա կարողանա իր վրայից հանել պատասխանատվությունը: