Մոսկվա վերադառնալս և տխրեցնում է, և ուրախացնում. Անի Դաշյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մոսկվա վերադառնալս և տխրեցնում է, և ուրախացնում. Անի Դաշյան. life.panorama.am

Հաղորդավարուհի Անի Դաշյանը շուրջ երկու ամիս հարազատ Երևանում էր և փորձում էր անցկացնել իր ամենահիշարժան հանգիստը: Այսօր նա արդեն վերադառնում է Մոսկվա, ուր իրեն ու որդուն սպասում է սիրելի ամուսինը: Life.panorama.am-ը հասցրել է թռիչքից առաջ զրուցել Անիի հետ ու ամփոփել երևանյան հանգիստը:

Հարցին, թե ինչպես է որոշել այս անգամ երկար ժամանակով գալ Հայաստան, պատասխանեց.

«Սիրելի քաղաքում 2 ամիսը երկա՞ր է, ոչ. ինչպես միշտ՝ նույնիսկ երկու ամսում չհասցրեցի հագենալ Երևանից, հարազատներիցս, բայց, ամեն դեպքում, շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Այս անգամ նաև հատուկ առիթ կար. սեպտեմբերի 10-ին փոքր եղբորս հարսանիքն էր, նախապատրաստական աշխատանքներ, հաճելի իրարանցում էր»:

Հետաքրքրվելով, թե ինչպես է հաղորդավարուհին անցկացրել երևանյան օրերը, նշեց.

«Ժամանակս անցկացրել եմ ընտանիքիս անդամների ու ընկերներիս հետ, շատ ժպտացել եմ, լիաթոք ծիծաղել ու վայելել Երևանիս, մամայիս ու հարազատներիս ջերմությունը։ Այստեղ բոլոր օրերս շատ լավ ու հիշարժան են անցնում, բայց պետք է ասեմ, որ ամենահիշարժանը եղբորս հարսանիքն էր, որից ոչ մի կարևոր պահի ներկա չեմ եղել, որովհետև բարձրակրունկներով ամբողջ ընթացքում վազվզել եմ բալիկիս հետևից»։

Փոքրիկ Ռոբերտն էլ իրեն հրաշալի է զգացել հայրենիքում:

«Տղաս Երևանում իրեն շատ լավ է զգում, միշտ զբաղված է: Ամենակարևորն այն է, որ հնարավորություն ունի ամեն օր խաղալու իր սիրելի քույրիկների հետ, վայելելու տատիկ-պապիկի ներկայությունն ու նրանց թույլտվությամբ անելու սրտի ուզածը, ու ինչպես մայրիկս է ասում՝ «Տատիկ-պապիկները երես տալու համար են, ծնողները՝ դաստիարակելու»։ Կարծում եմ, որ երբ վերադառնանք Մոսկվա, սկզբնական շրջանում ամենից շատ դժվար է լինելու հենց բալիկիս համար»,- նկատեց նա:

Անին աշխատանքային ծրագրեր այստեղ չի հասցրել իրագործել, թեև նշեց, որ առաջարկներ կան, որոնք քննարկման փուլում են:

Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե շա՞տ է տխրում Մոսկվա վերադառնալու համար, Անի Դաշյանը հավելեց.

«Մոսկվա վերադառնալս և տխրեցնում է, և ուրախացնում: Ամուսնուս եմ շատ կարոտել, բացի դա, կարոտում եմ նաև Մոսկվան, բայց ոչ Մոսկվայի եղանակը, մանավանդ հիմա, երբ +28 ջերմաստիճանը փոխելու եմ +10-ի հետ ու դա լավագույն դեպքում։ Պետք է ասեմ, որ ես եղանակից շատ կախված մարդ եմ, եթե արթնանում եմ և արև է, ես, անկախ ամեն ինչից լավ տրամադրություն եմ ունենում»։

life.panorama.am



Նման նյութեր