ՀՀ կառավարությունը իր հինգշաբթի օրվա նիստում հավանություն տվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով։
Ըստ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի՝ պետական բյուջեի
եկամուտները կկազմեն 1 տրլն 462.4 մլրդ դրամ,
ծախսերը կկազմեն 1 տրլն 614 մլրդ դրամ,
դեֆիցիտը կկազմի՝ 151.6 մլրդ դրամ։
Եկամուտների մեծ մասը՝ 1 տրլն 396.9 մլրդ դրամը, ապահովվելու է հարկային մուտքերի հաշվին։ Իսկ դեֆիցիտի մեծ մասը՝ 98.56 մլրդ դրամը, ֆինանսավորվելու է արտաքին պարտքի, 53 մլրդ դրամը՝ ներքին պարտքի հաշվին։
Իսկ ինչպե՞ս են բաշխվելու բյուջեի միջոցները հաջորդ տարի։
Բյուջեի ծախսերը՝ ըստ գործառնական դասակարգման, ներկայացված են գծապատկերում։
Ինչպես տեսնում եք, խոշորագույն ուղղությունը շարունակում է մնալ սոցիալական ոլորտը։ 2019 թվականին սոցիալական պաշտպանությանն ուղղվելու է 443.4 մլրդ դրամ, որը բյուջեի ընդհանուր ծախսերի 27.5%-ն է:
Հաջորդ խոշոր ուղղությունը բանակն է. հաջորդ տարի պաշտպանության ոլորտին պետական բյուջեից կուղղվի 311 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 19.3%-ը)։ 2018 թվականի համեմատ բանակի ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է, ինչի մասին ավելի մանրամասն կխոսենք ստորև։
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին (օրենսդիր և գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման ծախսեր) կուղղվի 301.7 մլրդ դրամ, կրթությանը՝ 141.6 մլրդ դրամ։
2018 թվականի պետական բյուջեի համեմատ՝ 2019 թվականի բյուջեի ծախսերն ավելացել են 148.8 մլրդ դրամով կամ 10.2%-ով։
Թե՛ գումարային, թե՛ տոկոսային առումով ամենից շատ ավելացել է պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Բանակը հաջորդ տարի 63.1 մլրդ դրամով (25.5%-ով) ավելի շատ գումար կստանա, քան 2018 թվականին։
Կրթության ոլորտի ֆինանսավորումը նույնպես երկնիշ՝ 11.3%-ով աճել է՝ 127.2 մլրդ դրամից հասնելով 141.6 մլրդ դրամի։
Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղվող ծախսերը մնացել են անփոփոխ՝ 11.6 մլրդ դրամ:
Մնացած բոլոր ուղղություններով ֆինանսավորումն ավելացել է՝ բացառությամբ տնտեսական հարաբերությունների (նվազում 2.3 մլրդ դրամով) և բնակարանային շինարարության ու կոմունալ ծառայությունների (նվազում 1.5 մլրդ դրամով)։