Այս օրերին հայկական շոու բիզնեսում տոնական տրամադրություն է տիրում: Սեպտեմբերի 26-ին՝ Սոչիում, արդեն երկրորդ անգամ կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որտեղ հրավիրված բոլոր աստղերը մրցանակով են վերադառնում տուն: Մրցանակաբաշխության էությունը կայանում է նրանում, որ հրավիրվում են բոլոր այն երգիչ-երգչուհիները, որոնց այս կամ այն երգը տարվա ընթացքում ամենաշատն է սիրվել: Life.panorama.am-ը «Տարվա երգ» մրցանակաբաշխության մասին զրուցել է գլխավոր ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի հետ:
«Պետք է ասեմ, որ արդեն երկրորդ անգամ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունն անցել է բուռն, ուրախ ու հիշարժան: Անցյալ տարի մրցանակբաշխությունը կայացել էր մայիս ամսին, և այս տարի ևս նախատեսում էինք այդ ամսին իրականացնել միջոցառումը, սակայն երկրում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով՝ մրցանակաբաշխությունը տեղափոխեցինք սեպտեմբերին: Իհարկե, սկզբում մտահոգվում էինք, թե եղանակն ինչպիսին կլինի և կկարողանանք արդյոք բացօթյա դահլիճում այն անցկացնել, բայց ուրախությամբ պետք է ասեմ, որ անգամ եղանակն էր հրաշալի: Գլխավորը դահլիճում տրամադրությունը ջերմ էր, մարդիկ էլ արդեն ավանդույթի նման ամեն տարի սպասում են այս մրցանակաբաշխությանը»,- պատմեց Գրիգորը:
Ռեժիսորը կարևորեց.
«Մեզ մոտ տրամադրությունը միշտ շատ ջերմ է, քանի որ երգիչները մրցապայքարի մեջ չեն մտնում: Բոլորն էլ ստանում են մրցանակ՝ համապատասխան արձանիկի տեսքով: Մենք ունեինք մոտ 32 կատարողներ, որոնց երգերը վերջին մեկ տարվա ընթացքում ամենաշատն են հնչել ու սիրվել: Իհարկե, նրանց շարքում կային նաև աստղեր, որոնց տվյալ երգը գուցե զիջում էր իր դիտումներով ու ցուցադրություններով, բայց չէինք կարող դրանք չներառել: Այդ շարքում գլխավորը Հայկոյի «Երևան» երգն էր, որով էլ ավարտեցինք միջոցառումն ու երգը նվիրեցինք Երևանի 2800-ամյակին: Մենք ամեն կերպ փորձում ենք որակյալ երաժշտություն ցույց տալ՝ անկախ հանդիսատեսի երաժշտական ճաշակից»:
Գրիգոր Գասպարյանի փոխանցմամբ՝ միայն դիտումների քանակով չեն ընտրվում մասնակիցնեը: Ողջ տարվա ընթացքում նրանց թիմը՝ «Պոզիտիվ փրոդաքշենը» և «Արմենիա TV»-ին, հետևում են երգիչների աշխատանքին, հաշվի առնում, թե նրանց տեսահոլովակներին ինչպես են արձագանքում մարդիկ, ինչ հաճախականությամբ է ցուցադրվում հեռուստաընկերություններով: Նաև նշանակություն են տալիս այն բոլոր նամակներին, որոնք ուղղվում են իրենց կազմակերպությանը:
Մրցանակաբաշխությանը որպես հատուկ հյուր հրավիրված են եղել ՀՀ Վաստակավոր արտիստ Ջիվան Գասպարյանը և Ավրաամ Ռուսոն:
Գրիգոր Գասպարյանը նախորդ տարի Նազենի Հովհաննիսյանի հետ միասին նաև վարում էր այս միջոցառումը, բայց այս անգամ որոշել է միայն կատարել գլխավոր ռեժիսորի ու պրոդյուսերի աշխատանքը: Այնպես որ Նազենիին այս տարի ընկերակցել է Վաչե Թովմասյանը:
«Շատ էինք մտածում, թե ում ընտրենք՝ որպես հաղորդավար, և ի վերջո կանգ առանք Վաչե Թովմասյանի վրա. Նա ու Նազենին շատ գեղեցիկ հաղորդավարական զույգ կազմեցին: Մեզ համար շատ կարևոր էր, որ Վաչեն չլիներ հումորային և այն կերպարով, որով նրան գիտեն մարդիկ: Մենք տեսանք նոր Վաչե՝ գեղեցիկ, հավասարակշռված ու կիրթ խոսքով հաղորդավար»- պատմեց մեր զրուցակիցը:
Հոկտեմբերի վերջին «Տարվա երգը»-ը կցուցադրվի «Արմենիա TV»-ով: