Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ պատճառը հստակ է՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Արտաշես Թումանյանը եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Պատճառը հստակ է: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Արտաշես Թումանյանը եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը:
Ընդգծենք, որ նման պատճառաբանությամբ հետ է կանչվում ոչ թե հեռավոր մի երկրում, այլ հարևան երկիր Իրանում ծառայող դեսպանը: Երկիր, որի հետ հարաբերությունները իրենց նշանակությամբ ոչնչով չեն զիջում Ռուսաստանի կամ Վրաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերություններին:
Ներկա ժամանակահատվածում Իրանում Հայաստանի դեսպանի հետ կանչվելը մի քանի պատճառներով կարող է ոչ միայն աննպատակահարմար համարվել, այլ նույնիսկ բացասական ազդեցություն գործել երկու երկրների հարաբերություններում.
1) Հպանցիկ հայացք նետելով Իրանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջին կարելի է հաստատել որ Արտաշես Թումանյանի ծառայության շրջանում բոլոր բնագավառներում դեսպանատան անձնակազմն աշխատել է բարձր ակտիվությամբ, ինչը բացառում է դեսպանին զուտ ծառայողական պատճառոներով հետ կանչելու հնարավորությունը:
2) Հակառակ բոլոր հավակնություններին, փաստերից ելնելով Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդած շրջանում Իրան-Հայաստան հարաբերություններում լճացում է նկատվում: Ծառայության շրջանում իրանական պետական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ու ծանոթություններ հաստատած դեսպանին նոր ու անփորձ դեսպանով փոխարինելը ոչ միայն չի նպաստելու իրավիճակի շտկմանը, այլ որոշակի ժամանակով հետաձգելու է երկու երկրների հարաբերությունների ակտիվացումը:
3) Վերջին շրջանում հատկապես լարվածություն է նկատվում հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ Ի դեպ նույն հատվածով է անցնում Հայաստանն Իրանին կապող ցամաքային միակ ճանապարհը և նույն հատվածի մերձակայքում է գտնվում Մեղրիի ԱՏԳ-ն: Իրավիճակի առավել սրման դեպքում արտաքին աշխարհի հետ Հայաստանի միակ վստահելի ուղին բաց պահելու համար Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից առավել մեզ օդ ու ջուրի պես անհրաժեշտ է լինելու իրանական կողմի օժանդակության ապահովումը: Չեմ կարծում որևէ մեկը կարող է ժխտել նման պայմաններում Իրանում փորձառու և իրավիճակին տիրապետող դեսպանի ներկայության անհրաժեշտությունը: