Առեղծվածային և ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Ոսկեհատ գյուղում հայտնաբերվել է երիտասարդի դի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Առեղծվածային և ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Ոսկեհատ գյուղում հայտնաբերվել է երիտասարդի դի. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, ժողովրդին հայտնի՝ գոմերի մոտ երիտասարդ տղայի դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղաշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են մոտ 21 տարեկան երիտասարդի դի՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Ճանապարհային ոստիկանները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com