
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջանկյալ դրական որոշում է կայացվել
Սեպտեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը:
Կոմիտեի բյուրոյի անդամները քննարկել են հայտի բովանդակությունը և մասնագիտական հարցեր ուղղել ՀՀ պատվիրակության անդամներին, որից հետո միաձայն դրական որոշում են կայացրել հայտի ընդունումը ներառել դեկտեմբերին կայանալիք 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի օրակարգում:
Տեղեկանք. «Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000-ից թվականից նեռարված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:
«Ուժեղացված պաշտպանությունը»ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք եւ արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում:
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն #2
Հեռ.` +374 60 620 201, Ֆաքս` +374 10 565 601
www.mfa.am, էլ. փոստ` [email protected]
Twitter: @MFAofArmenia, Facebook: MFA.Armenia
Youtube: MFAofArmenia