Արտակ Բեգլարյանի հրապարակումը.
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ժամանակահատվածում կյանքերի կորստից խուսափելու համար), սակայն, ցավոք, համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ ուշ ապագայում խախտելու է այդ պայմանավորվածությունը, ինչպես խախտել է վերջին երեսուն տարվա մեջ բազմաթիվ այլ պայմանավորվածություններ (նույնիսկ փաստաթղթերով հաստատված):
Ամենևին չբացառելով միջազգային ճնշման և այլ (նաև հայկական) գործոնների որոշակի ազդեցությունը՝ այս պահին Ալիևի կողմից այդ քայլին գնալն ավելի շատ կպայմանավորեի Բաքվի դիվանագիտական հաշվարկներով: Հայաստանին առերևույթ տալիս է այն, ինչի վրա մեր դիվանագիտությունը հատկապես վերջին տարիներին շեշտադրում է անում (վստահության մեխանիզմներ)՝ ինքը ձգտելով ստանալ հետևյալ առավելությունները՝
1. Որպես նախկինում վստահության մեխանիզմների կյանքի կոչումը փաստացի արգելակող կողմ՝ Ադրբեջանն այս քայլով ցույց է տալիս, որ զիջում է կատարում՝ իրեն միջնորդների ու միջազգային հանրության մոտ կառուցողական դիրքերից ներկայացնելով և հարմար պահի փոխադարձ զիջում կորզելու մտադրություն ունենալով:
2. Փորձում է հայկական կողմին զրկել «բովանդակային բանակցություններից» փաստացի խուսափելու վերջին տարիների գլխավոր՝ վստահության մեխանիզմների բացակայության փաստարկից: Արդյունքում, մի քանի «հաջող» գործողություններից ու շփումներից հետո (օրինակ՝ միառժամանակ հրադադարի խախտման դեպքերի կտրուկ նվազում, պաշտպանության նախարարների փոխադարձ զանգեր, գերիների փոխանակում, սահմանամերձ տնտեսական նշանակության տարածքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում և այլն), Ադրբեջանը պնդելու է, որ արդեն վստահության մթնոլորտ ձևավորելու խնդիր չկա, և, հետևաբար, Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային բանակցությունների փուլ և համապատասխան զիջումներ կատարի:
3. Ցույց է տալիս, թե իրենք իբր այնքան կառուցողական են, որ ՀՀ նոր իշխանություններին հնարավորություն ու ժամանակ են տալիս հակամարտությունը լուծելու, այնինչ նախորդ իշխանությունների հետ արդեն այդպես չէր ստացվում՝ հենց ՀՀ իշխանությունների պատճառով: Մոտավոր այս տրամաբանությունն է. «միջազգային հանրություն ջան, բա որ ասում էի, որ ՀՀ իշխանություններն են ապակառուցողական, տեսա՞ք՝ ինչպես ստացվեց նոր վարչապետի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ կառուցողական եզրեր գտնել»…
4. Երկկողմանի շփման արդյունքում պայմանավորվելով վստահության մեխանիզմների ու անմիջնորդ կապի հաստատման շուրջ՝ Ալիևը փորձում է փակել Հայաստանի և միջնորդների կողմից առաջ մղվող հետաքննության մեխանիզմների ներդնման թեման: Այսինքն՝ տալով փոքր բան՝ փորձում է կանխել մեծի առաջմղումը, որն առավել արդիական է դարձել հատկապես Ապրիլյան պատերազմին հաջորդող բանակցություններում:
5. Քանի որ ՀՀ վարչապետը, կարծես թե, խուսափում է պաշտոնական բանակցություններից առնվազն մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող բանակցել Արցախի Հանրապետության փոխարեն, Ալիևը նպատակ ուներ այս փուլում որևէ պայմանավորվածության գալ Փաշինյանի հետ, որպեսզի հետագայում փորձի այդ պայմանավորվածությունը ներկայացնել որպես Փաշինյանի՝ Արցախի փոխարեն բանակցելու օրինակ:
Ի՞նչ անել… Թեև նման պայմանավորվածության ձեռքբերումն ինքնին դրական քայլ է, սակայն, կարծում եմ, նշված և մի շարք այլ հարցերում պետք է ՀՀ իշխանությունները առավելագույնս զգույշ լինեն, որպեսզի չընկնեն ադրբեջանական մարտավարական թակարդները, մասնավորապես՝ չընկրկել վստահության ու հետաքննության մեխանիզմների լրիվ ներդնման պահանջից, վստահության ձևավորման նոր առաջարկներ ներկայացնելու միջոցով փորձության ենթարկել Ադրբեջանի «բարի կամքը» և հակամարտության կարգավորման պատրաստակամությունը, դուշանբեյան պայմանավորվածությունը ներկայացնել որպես փոխշահավետ փոխզիջում կամ բարի կամքի դրսևորում, չբանակցել Արցախի Հանրապետությանն անմիջականորեն վերաբերող հարցերի շուրջ (եթե,իհարկե, որոշվում է և հնարավոր է շարունակել այդ հայտարարված կուրսը):