Կարծում եմ՝ հասուն տարիքում երջանկությունդ էլ շատ ավելի գիտակցված է. Լուսին Վարդանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կարծում եմ՝ հասուն տարիքում երջանկությունդ էլ շատ ավելի գիտակցված է. Լուսին Վարդանյան. life.panorama.am

Դերասանուհի Լուսին Վարդանյանը դարձավ 32 տարեկան, և այդ առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ: Դերասանուհին մեզ հետ զրույցում անկեղծացել է ու պատմել, որ տարիքի հետ շատ հարցերում է փոխել մտածելակերպը, խոսել է նաև կյանքի գլխավոր արժեքների մասին, ինչպես նաև ազնվորեն նշել կյանքի այն միջադեպերի մասին, որոնք կցանկանար շտկել:

Լուսինը խոստովանեց, որ երբեք տարիքը չի թաքցրել և չի էլ հասկանում դրա իմաստը:

«Աղջկաս տարեդարձը տասը օր առաջ էր, նրա ծնունդից հետո ես ինձ երկրորդ պլան եմ մղել, իր ծննդյան օրն  եմ ոգևորվում, ուրախանում, իսկ իմ տարեդարձը կարող եմ անգամ մոռանալ: Անկեղծ ասած՝ միշտ մարդիկ կարծել են,թե ավելի երիտասարդ եմ, բայց ես երբեք չեմ կենտրոնացել տարիքիս վրա, երբեք չեմ թաքցրել, երբ հարցրել են ու ոչ էլ հասկանում եմ այն կանանց, որոնք թաքցնում են իրենց տարիքը: Ես ինձ զգում եմ այնքան, ինչքան ապրում եմ, ուրախանում, ունեմ ընտանիք ու հինգ տարեկան բալիկ, այսինքն՝ երբեք տարեթվի վրա չեմ կենտրոնանում, ես ուղղակի ապրում եմ՝ վայելելով ինձ տրված հնարավորությունները»,- նշեց Լուսինն ու խոսեց այս տարիքի հոգեվիճակից.

«Այն, որ երբեմն մոռանում եմ տարիքս և անգամ տարեդարձիս օրը, դա թերևս արդյունքն է նրա, որ լավ առումով շատ այլ մտածմունքներ ունեմ: Ես դպրոցական, ուսանողական տարիքում չեմ, որ մոռանամ կողմնակի այլ բաները: Ես ունեմ  ընտանիք, երեխա, հարազատներ, աշխատանք, և այս տարիքում միայն իմ վրա կենտրոնացած չեմ, ես մտածում եմ ամեն ինչի մասին ու փորձում եմ ամեն ինչից հաճույք ստանալ: Սա հասուն տարիք է, հիմա ավելի պատասխանատու եմ, կարծում եմ՝ հասուն տարիքում երջանկությունդ էլ շատ ավելի գիտակցված է»:

Հետ նայելով անցած 32 տարիներին՝ Լուսինը նշեց իր ամենակարևոր ձեռքբերումները:

«Ձեռքբերումներիս մասին խոսեմ ոչ թե ըստ կարևորության, այլ՝ ըստ հերթականության: Նախ պետք է հպարտությամբ ասեմ, որ իմ բոլոր ձեռքբերումներին հասել եմ ինքնուրույն՝ առանց ծանոթ-բարեկամի, առանց որևէ մեկի աջակցության: Տարիներ առաջ ես՝ իմ խաղով, կարողացա արժանանալ Ա. Խանդիկյանի հավանությանը և ընդունվեցի Դրամատիկական թատրոն, որը մինչև ամուսնություն՝ ունեցածս ամենամեծ ձեռքբերումն է: Հետո կարողացա ընտանիք կազմել ու հրաշք բալիկ ունենալ (ես այնքան երեխայասեր եմ, որ դեռ փոքրուց եմ երազել բալիկ ունենալու մասին): Գիտեք, երբ մարդկանց հետ վատ բան է կատարվում, նրանք մտածում են, որ նրանք դրան  արժանի չէին , բայց երբ լավ բանի են հասնում, երբեք չեն ասում՝ Աստված իմ, ինչով եմ ես սրան արժանացել, ու չեն գնահատում ունեցած լավ կողմերը: Ինքս ամեն օր ասում եմ՝ Աստված իմ, ինչով եմ արժանացել, որ ունեմ նման ընտանիք, աղջիկ, ծնողներ, հարազատներ ու աշխատանք: Ես միշտ հիշում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր իմ կյանքում լավ հետք են թողնում, իսկ վատ կողմերը փորձում եմ շրջանցել, ծայրահեղ դեպքում՝ կտրել ու դեն շպրտել»,- նշեց նա:

Իսկ բացթողումների մասին խոսելիս՝ Լուսինը նկատեց.

«Երբեմն մտածում եմ, որ իրավիճակներից ելնելով՝ որոշ բաներ բաց եմ թողել իմ կյանքում, և եթե այս գիտակցմանը լինեի, հաստատ այդպես չէի վարվի: Ես մի բնավորություն ունեմ՝ անգամ փոքիկ կոնֆլիկտի պատճառով կարող եմ հետ կանգնել տվյալ բանից, չպայքարել, բայց հիմա մտածում եմ, որ հետք կանգնել պետք չի, եթե տվյալ բանն արժանի է, որ պայքարես ու ունենաս, ապա երբեք չպետք է հետ կանգնես: Ուրախ եմ, որ շատ մեծ կորուստներ չեմ թույլ տվել, բայց եթե ինչ-որ կետերում այլ կերպ վարվեի, հիմա գուցե ավելին ունենայի: Ամենակարևորը՝ չեմ բողոքում, ունեմ այն, ինչ ունեմ, և դրանով երջանիկ եմ»:

Հարցին, թե դերասանուհին դեպի ո՞ւր է շարժվում, որտե՞ղ են հասնում նրա նպատակները, պատասխանեց.

«Իմ բնավորության մեջ խանգարում է այն, որ շուտ հիասթափվող եմ: Ես կարող եմ գոհանալ փոքրիկ բաներով, բայց իհարկե, բաներ կան, որոնք գիտակցում եմ, որ ինձ պետք են և փորձում եմ ավելիին հասնել: Երբեմն ռիսկի չեմ գնում, մտածում եմ՝ ունեցածովս բավարարվել ու ոչ մի դեպքում չկորցնել: Բազմիցս լավ առաջարկներից հրաժարվել եմ՝ հանուն աղջկաս, և դրա համար ոչ մի դեպքում չեմ զղջում: Ես շատ կշռադատող մարդ եմ, երբեմն անգամ կարող եմ այնքան կշռադատել, որ որոշ բաներ կորցնեմ: Բայց անկախ ամեն ինչից, միշտ մտածում եմ, որ թե ընտանիքում, թե աշխատանքում կատարելությունը սահման չունի, և պետք է անընդհատ աշխատել ավելին անել: Հիմա դեպի դա եմ գնում, և չնայած չգիտեմ, թե դա որքանով է ինձ մոտ ստացվում, բայց ես հպարտ եմ, որ ամեն ինչի ինքնուրույն եմ հասնում»:

Լուսինը խոստովանեց՝ երբեմն ֆանատիզմի է հասնում իր սերը՝ դստեր հանդեպ, հարցին, թե երկրորդ բալիկի մասին չե՞ն մտածում, ընդգծեց.

«Մինչև երկու տարեկանը աղջկաս մեծ դժվարությամբ եմ մեծացրել, երկու տարի շարունակ անքուն գիշերներ եմ անցկացրել: Եվ եթե այն ժամանակ ինձ հարցնեին երկրորդ բալիկ ունենալու մասին, ես ասում էի, որ դա երբեք չի լինի: Իսկ հիմա արդեն ես ու Վահագնը մտածում ենք երկրորդ բալիկի մասին, բայց դեռևս որոշ կենցաղային հարցեր ունենք լուծելու: Ես միշտ երազել եմ տղա և աղջիկ ունենալ, բայց հիմա երբեմն Վահագնի հետ կատակ եմ անում՝ ասելով, որ արի երկրորդ աղջիկ ունենանք, հետո նոր տղայի մասին կմտածենք: Մենք սեռի հետ կապված խտրականություն չենք դնում, քանի որ անկախ զավակիդ սեռից, եթե նրան ճիշտ դաստիարակես, ապա նա հաստատ արժանի զավակ կլինի ծնողի համար»:

life.panorama.am



Նման նյութեր