ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի և որպես երևանցի՝ նրանից ունեցած սպասելիքների մասին:
«Անշուշտ, նոր քաղաքապետից սպասելիքներս շատ մեծ են, և ես ուզում եմ, որ բոլորիս սպասումները իրականություն դառնան՝ Հայկ Մարությանի լավ աշխատանքի շնորհիվ: Սա մեր մայրաքաղաքն է, մեր Երևանը, որին մենք բոլորս սիրում ենք անմնացորդ և ուզում ենք, որպեսզի մեր քաղաքի վիճակը գոհացնի համայն հայությանը: Բայց այս ուղղությամբ անելիքները շատ են և այսպես ասած՝ կուտակված: Տարիների ընթացքում խնդիրները կուտակվել, տարիներով չեն լուծվել, և այսօր պահանջում են լուծումներ: Քաղաքը պետք է համապատասխան լինի իր նկարագրին, իր տեսքին ու տեսակին»,- նշեց Տիգրան Ներսիսյանն ու շարունակեց.
«Ես ծնվել ու մեծացել եմ այս քաղաքում, ու շատ լավ եմ հիշում մեր հին Երևանի դիմապատկերը, և հիմա ուզում եմ, որ մեր քաղաքը վերագտնի այն, վերադառնա նրա գեղեցկությունն ու ներդաշնակությունը, որը մենք տարիների ընթացքում կորցրել ենք»:
Խոսելով կուտակված խնդիրներից մի քանիսից՝ ՀՀ վաստակավոր արտիստը ընդգծեց.
«Առաջին հերթին կցանկանայի քաղաքաշինության հարցը լուծվեր ու Երևանի ճարտարապետական նկարագիրը վերադարձվեր: Իհարկե, հասկանալի է, որ հիմա դժվար կլինի արդեն փունջ-փունջ կառուցված բարձրահարկ շենքերը քանդել, որոնք խիստ տգեղացնում են մեր քաղաքը, հասկանալի է, որ կան բաներ, որոնք արդեն կորցված են, բայց դեռևս կան բաներ, որոնք կարելի է վերականգնել և թույլ չտալ, որ ավելին կատարվի մեր քաղաքում. պետք է կանխվեն սխալ քայլերը: Այսօր կարելի է դուրս գալ քաղաք ու նկատել անիմաստ գունավորված շենքեր, տձև շինություններ, անհեթեթ տրանսպորտ, որոնք մարդկանց նվաստացնում են երթևեկելիս, աղբով լցված փողոցներ, սրանք քաղաքը դարձնում են իսկական «գեղ» (ընդգծեմ՝ խոսքը գյուղի մասին չէ, այլ՝ «գեղի»՝ անճաշակության): Ես չեմ ուզում խոսել աղբահանության, տրանսպորտի և այլ ակնառու այլ խնդիրների մասին, որովհետև դրանք, անկասկած, պետք է լուծվեն, քանի որ դրանք խայտառակության են»:
Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում կարողությունների մասին խոսելիս և հարցին, թե ըստ նրա՝ Հայկը Մարությանը կարո՞ղ է արդարացնել իրեն ընտրողների հույսերը, Տիգրան Ներսիսյանը նկատեց.
«Մեծագույն պատասխանատվության բեռան տակ է Հայկ Մարությանն ինքն իրեն դրել: Ես շատ կցանկանամ, որ նա կարողանա դոււրս գալ այդ պատասխանատվության և բեռան տակից: Պատասխանատվություն ասելով՝ միայն կատարվելիք աշխատանքը նկատի չունեմ, այլև այն մեծաքանակ ընտրողների հույսը, որ նրա նկատմամբ ունեն. ի վերջո՝ հենց վարչապետն է նրան տվել վստահության քվե ու ժողովրդին հուշել, որ վստահեն նրան: Նա պետք է աշխատի, գործի, ու կոնկրետ քայլեր անի, որից հետո նոր մենք կարող ենք ասել՝ նա կարո՞ղ է այդ պաշտոնում աշխատել, թե ոչ, քանի դեռ մենք չենք տեսել նրա գործունեությունը, խոսելն անիմաստ է: Ինչևէ, մայրաքաղաքի քաղաքապետ լինելը դժվար բան է, և ես մեծ հաջողություններ եմ մաղթում Հայկ Մարությանին»: