Կանադայում հարյուրավոր վթարներ են գրանցվել ռեկորդային ձնատեղման պատճառով
Advertisement 1000 x 90

Կանադայում հարյուրավոր վթարներ են գրանցվել ռեկորդային ձնատեղման պատճառով

Կանադայի Ալբերտայի նահանգի Քալգարի քաղաքում շուրջ 270 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել հոկտեմբերի 2-ին երկրի այս արևմտյան տարածաշրջանում ձյան ռեկորդային տեղումների պատճառով: Այս մասին հայտնել է Calgary Herald թերթը:

Տեղի ոստիկանության տեղեկատվությամբ՝ քաղաքում տեղի է ունեցել 267 վթար, որոնց հետևանքով տուժել է 17 մարդ: Զոհվածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: Ինչպես հայտնել է Կանադայի Ազգային օդերևութաբանական բյուրոն, հոկտեմբերի 2-ին Ալբերտայի հարավարևմտյան մասում արդեն 30 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը հոկտեմբեր ամսվա բացարձակ ռեկորդ է դարձել օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որոնց վերաբերյալ հաշվետվությունը, ճշտված տվյալներով, հրապարակվում է 1881, այլ ոչ թե 1884 թվականից, ինչպես նախապես հաղորդվել էր:

Մինչ այդ ձյան ամենաուժգին տեղումներն այստեղ եղել են 1914 թվականի հոկտեմբերի 4-ին. այն ժամանակ ձնակույտերի բարձրությունը հասել էր 29,7 սանտիմետրի: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ձյան տեղումները կդադարեն հոկտեմբերի 3-ին: