Ֆրանսիայի ոստիկանությունը բռնել է կրկնահանցագործ կողոպտիչ Ռեդուան Ֆայիդին, որը երեք ամիս թաքնվում էր հանցակիցների օգնությամբ բանտից ուղղաթիռով փախուստից հետո: Հոկտեմբերի 3-ին այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնն իր Twitter-ում:
ՆԳ նախարարության ղեկավարը չի հայտնել գործողության մանրամասները, սակայն, ինչպես նշում է Franceinfo ռադիոկայանը, ձերբակալումը կատարվել է Ֆրանսիայի հյուսիսի Կրեյ քաղաքում: Ռադիոկայանի տվյալներով՝ ոստիկանությունը հանցագործին այդ քաղաքում նկատել էր որոշ ժամանակ առաջ, սակայն կարգի պահապանները հարմար պահի էին սպասում փախստականին բռնելու համար: Ռեդուան Ֆայիդը Սենի և Մառնի դեպարտամենտի բանտից փախել էր հուլիսի 1-ին, որտեղ նա 25-ամյա բանտարկության պատիժ էր կրում:
Նա փախուստը կատարել էր մի քանի հանցակիցների օգնությամբ, որոնցից մեկն ուղղաթիռով էր եկել բանտարկյալին տանելու համար: 2010 թվականին Ռեդուան Ֆայիդը հարձակում է գործել ինկասատորների ֆուրգոնի վրա, փոխհրաձգության ժամանակ զոհվել է մունիցիպալ ոստիկանության ծառայողուհին: Չարագործը կալանավորվել էր, սակայն երեք տարի անց նրան հաջողվել էր փախչել բանտից՝ վերցնելով հինգ պատանդների: Այն ժամանակ փախուստի համար նա պայթանյութ էր օգտագործել: Բանտից հեռանալով իրեն սպասող ավտոմեքենայով՝ նա 46 օր թաքնվել Էր իրավապահ մարմիններից: