Կյանքի 73-րդ տարում վախճանվել է The Beatles-ի հետ աշխատած հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը
Advertisement 1000 x 90

Կյանքի 73-րդ տարում վախճանվել է The Beatles-ի հետ աշխատած հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը

72 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը, որն աշխատել է The Beatles ռոք-խմբի ձայնագրությունների վրա: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է Billboard հանդեսը:

Ինչպես գրում է հրատարակությունը, Էմերիքի մահվան պատճառը դարձել է սրտի տագնապը: Նրա մենեջեր Ուիլյամ Զաբալեթայի խոսքով՝ հնչյունային ռեժիսորը երկար ժամանակ տառապում էր սրտի հետ կապված խնդիրներից և կարդիոխթանիչ էր կրում:

Հոկտեմբերի 6-ին Էմերիքը ամերիկյան Թուսոն քաղաքում (Արիզոնայի նահանգ) պետք է հանդես գար Emerick՚s London Revival խորագրով շոուով, որտեղ նա պետք է հանդիսականներին պատմեր լիվերպուլյան քառյակի հետ իր աշխատանքի մասին:

The Guardian բրիտանական թերթի տվյալներով՝ 1960-ական թվականների սկզբին, երբ Էմերիքը 15 տարեկան էր, նա իր կարիերան սկսեց EMI ձայնագրող ընկերությունում: The Beatles-ի հետ նրա առաջին հանդիպումը կայացավ 1963 թվականին: Երեք տարի անց նա մասնակցեց նրանց Revolver ալբոմի վրա աշխատանքին, որը լույս տեսավ 1966 թվականի օգոստոսին:

Ինչպես նշում է Billboard-ը, հնչյունային ռեժիսորն աշխատել է Sgt. Pepper”s Lonely Hearts Club Band (1967), Magical Mystery Tour (1967), The Beatles (հայտնի է նաև որպես The White Album) (1968) և Abbey Road (1969) սկավառակների վրա: Իր կարիերայի ընթացքում Էմերիքը դարձել է «Գրեմմի» չորս մրցանակների դափնեկիր: