Ժամ առ ժամ Երևանը կգունավորվի, կլուսավորվի ու կգեղեցկանա․ Ռաֆայել Երանոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ժամ առ ժամ Երևանը կգունավորվի, կլուսավորվի ու կգեղեցկանա․ Ռաֆայել Երանոսյան. life.panorama.am

Life.panorama.am-ը Երևանի նորընտիր քաղաքապետի և որպես Երևանի բնակիչ՝ իր սպասելիքների մասին զրուցել է Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ, ով թեև ծնունդով Արմավիրի մարզից է, բայց 16 տարի է, ինչ ապրում է Երևանում:

«Հայկ Մարությանին շուրջ 15 տարի ճանաչում եմ, մենք մի շարք համագործակցություններ ունենք միասին, նա ինձ համար պարզապես գործընկեր չէ, նա իմ ավագ ընկերն է, ու վստահ եմ, որ Հայկ Մարությանը Երևանը կկառուցի այնքան բծախնդրորեն ու իդեալական, որքան իր բոլոր նախագծերն են, որովհետև Հայկը պատասխանատու մարդ է, աշխտասեր, նվիրված, գնահատող իր աշխատողներին, իսկ այդ հատկանիշները ունենալու դեպքում հաստատ հնարավոր է հաջողության հասնել»,- նշեց Ռաֆայելը:

Որպես Երևանի բնակիչ՝ Ռաֆայելն իր համար առանձնացնում է առաջնային կարևորության մի շարք խդիրներ:

«Ինձ համար առաջին հերթին պետք է լուծվեն աղբահանության, ջրատար ու հնամաշ խողովակների վերանորոգման, տրանսպորտի, երթևեկության խնդիրները: Պրոբլեմները շատ են և վստահ եմ, որ դրանք միանգամից չեն կառուցվելու: Պարզ է, որ առաջիկա մի քանի ամիսներին մենք դեռ տեսնելու ենք երևանյան մեզ հուզող խնդիրները՝ չլուծված, բայց մի բան հաստատ է՝ ամիս առ ամիս, ժամ առ ժամ Երևանը կգունավորվի, կլուսավորվի ու կգեղեցկանա: Համոզված եմ, որ Մարությանը միայն կենտրոնը չի վերցնելու իր ուշադրության կենտրոնում, նա նաև ծայրամասերը կկառուցի, քանի որ, երբ ֆիլմերի համար մենք գտնվում էինք  Երևանի տարբեր վայրերում, նա անընդհատ այդ մասին խոսում էր, ընդ որում՝ դրանց մասին խոսում էր դեռ 15 տարի առաջ: Եթե Հայկ Մարությանը Երևանին հուզող խնդիրների մասին մտածել է դեռ 15 տարի առաջ, ապա այսօր հաստատ կփորձի դրանց լուծում տալ: Ինքս ապրում եմ 3-րդ մասում ու հաստատ կարող եմ ասել, որ շատ խնդիրներ կան տարիներով չլուծված: Բայց ես շատ լավ եմ հասկանում, որ ամեն  ինչի համար ժամանակ է պետք, քանի որ այդ խնդիրները արմատացած են. քաղաքացիներից պահանջվում է միայն չխանգարել, համբերություն ցուցաբերել ու վստահել, այսքան սպասել ենք, մի քիչ էլ պետք  է սպասենք: Հիմքից պետք է փոխվի ամեն ինչ, այնպես որ, ժողովուրդ ջան, ոչինչ, եկեք սպասենք, և եթե մեկ տարուց տեսնենք փոփոխություն չլինի, կհանենք, միևնույն է, մեր վարչապետն արդեն մեզ սովորեցրել է հանելու ձևը»,- ծիծաղելով ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռաֆայել Երանոսյանը անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ դերասան Հայկ Մարությանը չի կարող քաղաքական դաշտում  իրեն արդարացնել:

«Արդյոք կա՞ մի ինստիտուտ, որտեղ սովորելուց հետո դառնում են քաղաքապետ, նախագահ կամ վարչապետ, անշուշտ՝ ոչ: Քաղաքապետ լինելու համար պետք  է միջնակարգ և բարձրակարգ կրթություն, որը Հայկն ունի, պետք է մտածել ու մտահոգվել քաղաքի մասին, որն էլ նրա դեպքում ակնհայտ է: Հայկ Մարությանն առաջին մասնագիտությունը ձեռք է բերել Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում: Գիտեք, ես Հայկին իսկապես շատ լավ եմ ճանաչում: Երբ միասին նկարահանվում էինք, նա ֆանատիկորեն մտածում էր դերասանի հարմարավետության մասին, իսկ դա մշակույթ է, որը մարդ ունի, կամ չունի: Միանշանակ, վստահ եմ, որ այդ մշակույթն իր մեջ ունենալով՝ նա մտածելու է Երևանի ու երևանցիների մասին»,- շեշտեց Ռաֆայելը:

life.panorama.am



Նման նյութեր