Երբ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները այս կամ այն քաղաքացուն վիրավորական խոսք էին ուղղում կամ համացանցում մեկնաբանություն գրում, խիստ քննադատության առջև էին կանգնում: Այդպես եղավ Շուշան Պետրոսյանի դեպքում, երբ քաղաքացի Գայանե Շահինյանին սպառնացել էր «աչքերը հանել»: Շատերը կհիշեն, թե ինչ սուր խոսքեր ու ծաղրանքներ հաջորդեցին Շուշան Պետրոսյանի մեկնաբանությանը:
Նախորդ իշխանությունների պարագայում սա միակ դեպքը չէր, պարզապես ցանկանում էինք ինչ որ կերպ համեմատական անցկացնել հնի ու նորի միջև:
Այսօր ականատես եղանք մի դեպքի, երբ քաղաքացին, ով արդարադատության հետ խնդիրներ ունի, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է անում, և դեմ խոսում Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, քանի որ այսքան ժամանակ լսելի չի դարձել իր բազմաթիվ բողոքները:
Տեսանյութը տարածվեց համացանցում և ստացավ տարատեսակ մեկնաբանություններ, որոնցից առավել մտահոգիչը կոմպոզիտոր, ՔՊ ավագանու անդամ Արթուր Իսպիրյանինն էր, ով մեկնաբանել է ՝ «Գիժ անտեր», իսկ շատերն էլ կնոջը մեղադրում էին Սերժ Սարգսյանի օրոք լռելու, խնդիրները չբարձրաձայնելու և միայն այսօր դրա մասին խոսելու մեջ:
Ռուզաննա Ադալարյանը որդեկորույս մայր է, նա երկար ժամանակ է, ինչ տարբեր գերատեսչություններին բողոքում է, կոնկրետ անուններ տալիս, թե ով և ինչպես է կոծկել իր որդու սպանությունը:
Ակցիաներից մեկի ժամանակ էլ, տիկին Ռուզաննան, համոզվելով, որ ոճրագործ ռեժիմի հետ է առնչվում, պատռեց իր ՀՀԿ-ի անդամատոմսն ու շպրտեց Բաղրամյան 26-ի ուղղությամբ:
Փաստորեն, քաղաքացին, ով բողոք ուներ Սերժ Սարգսյանի օրոք, իր հարցերի լուծման ճանապարհը չի գտնում նաև ՔՊ-ականների ժամանակ: Ավելին՝ կազմակերպված կերպով ծաղրի ու վիրավորանքի է արժանանում:
Սրա՞ համար էին մարդիկ պայքարում, սրա՞ համար էին փողոց դուրս գալիս և սա՞ է սիրո և հանդուրժողականության մթնոլորտը: