Հայերը Վենետիկում պատմական հետքեր են թողել։ Օրինակ` Սան Մարկո հրապարակից քիչ հեռու գտնվող վենետիկյան փողոցը կոչվում է calle Armeno։ Այնտեղ հայկական վանք կա, որտեղ ամեն կիրակի պատարագ է մատուցվում։
Օրեր առաջ Իտալիայում հանձնեցին «Բրոդսկին Իսկիայում» միջազգային մրցանակը։ Այս արտասովոր անունով մրցանակը շնորհում են 2013 թվականից։ Իսկիա կղզու և Կամպանիա մարզի վարչակազմի, ինչպես նաև «Իտալիա» ամսագրի և Լուկինո Վիսկոնտի հիմնադրամի աջակցությամբ այն հիմնադրել է «Իսկիայի բարեկամներ» ասոցիացիան` Իտալիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հովանու ներքո։ Անվանումը ստացել է ի պատիվ Իոսիֆ Բրոդսկու, որը, երկու անգամ լինելով ու ապրելով Նեապոլի մերձակայքում գտնվող այդ կղզում, անմահացրել է այն իր «Իսկիան հոկտեմբերին» բանաստեղծության մեջ։
Իտալացիներն այնքան շնորհակալ էին պոետին, որ բանաստեղծության 20-ամյակի կապակցությամբ ստեղծեցին մրցանակը և ամեն տարի այն շնորհում են ռուս-իտալական հարաբերությունների զարգացման մեջ առավել մեծ ներդրում ունեցած ռուս գործիչներին։ «Բրոդսկին Իսկիայում» մրցանակին տարբեր տարիների ընթացքում արժանացել են գրաքննադատ Նատալյա Իվանովան, մուլտիպլիկատոր Անդրեյ Խրժանովսկին, դերասան Լև Պրիգունովն ու այլք։ Մրցանակը շնորհվում է լեգենդար ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի «Գոլուբյատնայա» ամառանոցում։
Այս տարի դափնեկիրներից մեկը դարձավ Տատյանա Դանիլյանցը, որին Իտալիայում ճանաչում են որպես կինոռեժիսոր, բանաստեղծ, նկարիչ, և որի ֆիլմերը երկու անգամ` 2009 և 2012 թվականներին, մասնակցել են Վենետիկի կինոփառատոնին, իսկ «Anima Russa/Ռուսական հոգի», «Վենետիկը ջրի վրա», «Վենետիկյան ընծաները` Սերգեյ Փարաջանովին» ցուցահանդեսները ներկայացվել են Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իտալիայի թանգարաններում ու պատկերասրահներում։
Սառնաշունչ նոյեմբերն ու եռանդուն Բրոդսկին
Հայաստանում Տատյանա Դանիլյանցին նույնպես լավ գիտեն։ Անցած տարի էկրան բարձրացավ նրա «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմը։ Քաղաքը Երևանն է, իսկ երաժիշտները` ամենատարբեր։ Լեգենդար ջազմեն Մալխասից և մեծն Ջիվան Գասպարյանից մինչև բնածին տաղանդով օժտված երիտասարդ երևանյան նորաթուխ երաժիշտներ։
Երևանից բացի, Տատյանա Դանիլյանցի օբյեկտիվում է հայտնվել Վենետիկը` աշխարհի ամենախորհրդավոր քաղաքը։ Վենետիկի մասին Տատյանայի երկու ֆիլմերը («Այգին, որ թաքնված է» և «Վենետիկը ջրի վրա») 2009 և 2012 թվականներին ցուցադրվեցին Վենետիկյան կինոփառատոն հատուկ նախագծի շրջանակում։ Առաջին ֆիլմում, ի դեպ, նկարահանվել է Իոսիֆ Բրոդսկու մտերիմ ընկերը` լեգենդար կոմս Ջիրոլամո Մարչելոն։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am