«Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ պապիկ, մինչ հանդիպում». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի թոռան հուզիչ նամակը՝ պապի հիշատակին
Advertisement 1000 x 90

«Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ պապիկ, մինչ հանդիպում». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի թոռան հուզիչ նամակը՝ պապի հիշատակին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է որդու հուզիչ նամակը՝ նվիրված տաղանդաշատ պապի հիշատակին:

Շանսոնյեի թոռը նշում է, որ մեծանալով որպես ամերիկացի երեխա՝ ինքը շատ բան չի իմացել պապի կարիերայի մասին:

«Հաճախ զարմանում էի՝ ինչո՞ւ չեմ կարողանում նրան ուզածիս չափ շատ տեսնել, և դա ինձ շատ էր տխրեցնում: Նա ինձ համար իմ պապն էր: Բայց ժամանակի ընթացքում, երբ սկսեցի ուսումնասիրել, ի վերջո հասկացա, թե ով էր այդ մարդը: Ես հասկացա, որ նա աշխատում էր հանուն ընտանիքի բարօրության և միևնույն ժամանակ փորձում էր աշխարհում հավասարության հաստատման հասնել: Նա մեկն էր, ով երգել է այնքան շատ լեզուներով, ազդել այնքան շատ մարդկանց ու մշակույթների վրա: Նա մեկն էր, ում համար կրոնը, սեռը, սեռական նախասիրությունները, էթնիկ ծագումը բոլորովին կապ չունեին:

Նա մեկն էր, ով խրախուսում էր բազմազանությունը հենց իր ընտանիքում: Շառլ Ազնավուր՝ ծնված Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ութ տասնամյակ ձգված կարիերա, 1.200 երգ՝ աշխարհի 9 լեզվով: Նա օգնել է հայերին, ֆրանսիացիներին, հրեաներին ու անթիվ-անհամար այլ մարդկանց, բայց ինձ համար նա պարզապես իմ պապիկն էր: Երկուշաբթի մենք կորցրինք այս հրաշալի մարդուն: Սրտիս մի կեսը կոտրված է այս կորստից, իսկ մյուս կեսը՝ աշխարհի կրած կորստից: Ժամանակն ամեն ինչ բուժում է, ու հիմա փորձում եմ այս ժամանակահատվածում հնարավորինս աջակցել ընտանիքիս:

Պապս միշտ էլ քարոզել է ընտանիքի կարևորությունը: Չեմ կարող փոխանցել, թե ընտանիքս որքան է գնահատում այս շաբաթվա ընթացքում հաղորդագրությունների, Facebook-ի ու հեռախոսազանգերի միջոցով ստացված աջակցությունը: Սիրո այս պոռթկումն ինձ ստիպում է գիտակցել, որ շրջապատված եմ մեծ մարդկանցով: Նման աջակցություն ունենալը շատ է օգնում:

Իսկ ինձ մնում է միայն ապրել նրա առաջադեմ էությանը համաձայն ու բոլորին վերաբերվել սիրով և հարգանքով: Նա հաճախ էր ասում «կարևոր չէ՝ մարդիկ կհիշեն ինձ, թե ոչ, նրանք կհիշեն իմ աշխատանքը»:

Մենք երկուսն էլ կհիշենք, իմ սիրելի պապիկ: Եվ ես ջանք չեմ խնայի քո արածը շարունակելու համար: Գիտեմ՝ հիմա ինչ-որ տեղ ծիծաղում ես հորս, հորաքրոջս, Ժորժի ու բոլոր նրանց հետ, ում սիրում էիր: Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ պապիկ, մինչ հանդիպում»: