Անդրիաս Ղուկասյանի նորաստեղծ Հայաստանի կառուցողական կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն դեկտեմբերին: Սա կուսակցությունում համարում են երկրորդական:
Անդրիաս Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ պատճառը ոչ միայն իրավական ընթացակարգերն են, այսինքն՝ չեն հասցնի գրանցվել ու մասնակցել, բայցև՝ չթաքցրեց, որ ԱԺ-ում մանդատ ստանալու որևէ ձգտում չունեն, քանի որ կուսակցությունը մանդատներ ստանալու համար չէ ստեղծված:
ՀԿԿ-ն զբաղվելու է իր ծրագրով՝ անկախ նրանից, թե ինչ արտահերթ կամ հերթական ընտրություններ են լինելու:
«Դժվարանում եմ ասել՝ կհասցնենք, թե ոչ, որովհետև դա իրավական, օրինական գործընթաց է, որը մեզնից էլ կախված չէ, այլ գրանցող մարմնից, բայց դա, ըստ իս, երկրորդական հարց է, որովհետև այս խորհրդարանը վաղուց պետք է ազատ արձակվեր, և անորոշությունը, որն այսօր առկա է ՀՀ քաղաքական դաշտում, ակնհայտորեն խանգարում է Հայաստանի զարգացմանը»,-ավելացրեց քաղաքական գործիչը:
Ամբողջությամբ՝ tert.am