Մարինե Մարգարյան. «Խոստացել էի պատմել… Փոքրիկ դրվագ մեծ սրտի մասին» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարինե Մարգարյան. «Խոստացել էի պատմել… Փոքրիկ դրվագ մեծ սրտի մասին»

Խոստացել էի պատմել…

Եւս մի պատմություն՝ նվիրված Ազնավուրին իմ էջում, ու սույնով համարենք հրաժեշտի խոսքերն ասված…

Շառլ Ազնավուրի հետ “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ ի երկրորդ համագործակցության մասին է։

2007 թվական։

Գաղնիե օպերայում “Շառլը և ընկերները” համերգն է պատրաստվում։ Համաշխարհային էստրադայի աստղերը պիտի երգեն մեծ շանսոնյեի երգերը նրա հետ զուգերգով։
Քննարկվում են տարբերակներ, թե Հայաստանից ով պիտի մեկնի՝ մասնակցելու։ Առաջարկված տարբերակները բոլորը վարպետը մերժում է իրեն հատուկ համառությամբ։ Նա 3 տարի առաջ իրեն հուզած փոքրիկներին է ուզում՝ Հայաստանի Փոքրիկ Երգիչներին։ Ավելին, որոշվում է, որ վերջիններս պիտի հանդես գան համերգի եզրափակիչ մասում՝ կատարելով իր ամենասիրելի երգերից մեկը՝ “Emmenez-moi”-ն, որին էլ միանալու են համերգի բոլոր մասնակիցներն ու ավարտեն երեկոն։
Ով հիշում է հենց հիմա այդ երգը, կկռահի, թե ինչու էր համերգի փորձի ժամանակ վարպետն անհանգիստ հայացքով հետևում, թե հայ մանուկներն այնուամենայնիվ ինչպե՞ս դուրս կգան դրված խնդրի տակից։

Երգի քառյակներում խոսքերը շատ են։

Ավելին, դրանք շաաատ արագ պիտի արտասանես։ Անգամ հարազատ լեզվով երևի դժվարանաս ամենն արտաբերել ժամանակին, իսկ օտարո՞վ…

Հա, դե բայց մեր Տիգրան Հեքեքյանին էլ հո մե՛նք գիտենք։ ? Ով նրան ճանաչում է, կիմանա, թե հայ փոքրիկները ի՜նչ աստիճանի էին վարժեցված երգել այդ բոլոր բառերը։
Թող լինի ֆրանսերենո՛վ: Պե՞տք է՝ 3 անգամ էլ իրական տեմպից արագ։ Կասկած կարո՞ղ է լինել։ ?

Վերադառնանք փորձին։
Սկսվեց երգը։ Մի տող։ Երկրորդը։ Հայաստանի Փոքրիկ Երգիչները փայլն աչքերում կատարում են աշխարհի գեղեցկագույն “շուտասելուկը”։
Շառլը նայեց, ժպտաց, կենդանացավ, շրջվեց բեմում գտնվող ֆրանսիացի արտիստներից մի երկուսին, որ բացահայտորեն տառապում էին երգի բառերի հետ “մենամարտում”, թևով հրեց, ցույց տվեց երեխաների կողմն ու ասաց՝ նայե՜ք, նայե՜ք, սովորե՜ք։

Այդ պահին և արդեն համերգի ժամանակ մեծ հայրենասերի աչքերը փայլում էին հպարտությունից։ Ու երբ աստղերն էլ բեմ ելան, կանգնեցին երգչախմբի առջևում՝ ակամայից թիկունքով փակելով երեխաներին, Շառլն էր, որ երգում էր՝ դեմքով փոքրիկներին դարձած (տեսեք տեսանյութում), սիրով լի հայացքով, ջերմ ուշադրությամբ։ Ինքն էր, որ այնուհետ գտավ ելքը, փոքրիկ երգիչների մեջ մտավ, նրանց առաջ բերեց՝ հուշելով նույնն անել նաև մյուսներին։

Այնքան մեծ հաճույքով եմ անընդհատ նայում այս կադրերը. հպարտություն իրո՛ք կտեսնեք իր հայացքում։

???

Փոքրիկ դրվագ մեծ սրտի մասին։



Նման նյութեր